ԼԱՎՐՈՎՆ ԱՄՓՈՓԵԼ Է ՇՀԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Շանհայի համագործակցության կազմակերպությունում որոշակի կոնսենսուս է ձևավորվել Բելառուսի` որպես լիիրավ անդամ անդամակցելու վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հայտարարությունն արել է՝ ամփոփելով ՇՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։
Լավրովը հիշեցրել է, որ անցյալ տարի Իրանը ստացել է «պաշտոնական թեկնածուի կարգավիճակ», և նրա լիարժեք անդամակցության գործընթացն արդեն սկսվել է։
«Համապատասխան փաստաթղթերը լրացուցիչ կընդունվեն Սամարղանդում»,- հավելել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը:
Լավրովը տեղեկացրել է նաև, որ կան տարբեր երկրներ, որոնք հավակնում են դիտորդի և գործընկերոջ կարգավիճակին.
«Նման հետաքրքրություն են ցուցաբերել արաբական և ասիական մի շարք երկրներ, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Մինչև գագաթնաժողովը կշարունակվեն խորհրդակցություններն արտաքին գերատեսչությունների մակարդակով»:
Սերգեյ Լավրովը նշել է, որ համապատասխան առաջարկությունների մասին կզեկուցեն պետությունների ղեկավարներին:
Շանհայի համագործակցության կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին և 16-ին՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։
ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ. ՊԵՍԿՈՎ
Արևմուտքի դիրքորոշման և ուկրաինական ճգնաժամի հարցում զիջումների գնալու պատրաստակամության մեջ փոփոխություններ չկան, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ որոշ արևմտյան գործընկերներ, մոտեցող ձմռան հետ կապված, Կիևին առաջարկել են Մոսկվայի հետ խաղաղ բանակցություններ սկսել։ Սակայն, ըստ Պեսկովի, այդ հարցում առաջընթաց չկա։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ներկայումս անհնարին են։
ՀԱՑԱՀԱՏԻԿՈՎ ԲԵՌՆՎԱԾ ՆԱՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԴՈՒՐՍ ԳԱԼ ԲԱՑ ԾՈՎ
Օդեսայի Չորնոմորսկ նավահանգստում Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունից հետո առաջին անգամ հացահատիկով բեռնված նավը պատրաստ է «կանաչ միջանցքով» դուրս գալ բաց ծով՝ ծայրահեղ կարիք ունեցող և սովի վտանգի տակ գտնվող երկրներին հացահատիկ մատակարարելու նպատակով: Նավի բեռնման գործընթացին հետևել են Ուկրաինայի նախագահը, երկրի ենթակառուցվածքների նախարարը, ՄԱԿ-ի և ԱՄՆ դեսպանատան, ինչպես նաև Թուրքիայի ներկայացուցիչները, տարբեր երկրների դիվանագետներն ու լրագրողները: Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարը վստահեցրել է, որ Ստամբուլում հացահատիկային համաձայնագրի ստորագրումից հետո ուկրաինական կողմը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Նա մանրամասնել է, որ ընդհանուր առմամբ կա 17 նավ, որոնք բեռնված են եղել մինչև ռազմական գործողությունների սկսվելը։ ՄԱԿ-ի մշտական համակարգողն էլ վերահաստատել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակելու է իր լիարժեք ներգրավվածությունը:
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանն իր ելույթում ընդգծել է, որ Վաշինգտոնը նույնպես պատրաստ է անել ամեն բան, որպեսզի հացահատիկ հասնի այն մարդկանց, որոնք դրա կարիքն ունեն ամբողջ աշխարհում:
ԱԹԵՆՔԸ ՄԻՇՏ ՈՒՆԵՑԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ. ՄԻՑՈՏԱԿԻՍ
Հունաստանի կառավարությունը կշարունակի աջակցել տնային տնտեսություններին և ձեռնարկություններին` այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի վճարների առումով, քանի որ Հունաստանի տնտեսությունը լավ վիճակում է, CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետը:
Կիրիակոս Միցոտակիսը հավելել է, սակայն, որ Եվրամիությունը պետք է էներգետիկ ճգնաժամը կարգավորող միջոցներ ձեռնարկի մինչև ձմեռ՝ ցուցաբերելով համերաշխություն և գործողությունների արդյունավետություն: Միցոտակիսը խոսել է նաև Թուրքիայի մեծ մարտահրավերների մասին և այդ երկրի ղեկավարությանն առաջարկել է ավելի շատ կենտրոնանալ երկրի տնտեսության վրա։
Վարչապետի խոսքով՝ Հունաստանը միշտ ունեցել է պատասխանատվության զգացում, իսկ Էրդողանին խորհուրդ է տվել զբաղվել թուրքական տնտեսությամբ, ոչ թե վերակենդանացնել նեոօսմանյան ցնորքները։
Հունաստանի վարչապետը նաև անդրադարձել է հաջորդ տարի կայանալիք համապետական ընտրություններին՝ հույս հայտնելով, որ երկրի քաղաքացիները հնարավորություն կտան կառավարությանը ղեկավարել ևս չորս տարի։
ԴԵՆԴԻԱՍԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԹԵՆՔԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը գերմանացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Աթենքի առարկությունները՝ կապված Գերմանիայի և Թուրքիայի միջև սուզանավերի գործարքի հետ: Դենդիասի խոսքով՝ համաձայնագիրը կարող է վտանգել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը:
Երկօրյա պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ հանդիպումից հետո Հունաստանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Անկարան շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Աթենքի հասցեին:
«Մենք միշտ պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության, բայց երկխոսության` միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Դենդիասը։
Աթենքից հետո Գերմանիայի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա: