Նորակերտի փայտե էլեկտրասյուներն այնքան հին են, որ դրանց բետոնե ամրակալները քայքայվել, շարքից դուրս են եկել: Ամեն քամու հետ բնակիչները շունչները պահած սպասում են, որ դրանք կտապալվեն, վնաս կտան գյուղին:
Հասմիկ Գարսևանյան (Նորակերտի վարչական ղեկավար) - Նման հենասյուներ կան 90-ից ավելի: Դրանք հրատապ փոխելու կարիք ունեն:
Սյուները տեղադրվել են 1958 թվականին, իսկ ճկված մալուխները, որ մշտական վթարներից հետո էլեկտրիկները կցում-կպցնում են, օդից կախված վտանգ են հատկապես ուժեղ քամիների ժամանակ:
Գառնիկ Ավագյան (Նորակերտի բնակիչ) - Ինչի՞ համար լարերը չեն ձգում, սյուները չեն փոխում: Պոկվել-ընկել էր գազի խողովակի վրա, ամբողջ գյուղը լարման տակ էր, գիշերն ենք տեսել, էլեկտրիկին կանչել ենք, անջատել է:
Ամեն օր, քամու բարձրանալուն պես, Նորակերտը հոսանքազրկվում է: Եթե հոսանք էլ լինում է, ապա՝ տատանումներով: Անորակ էլեկտրամատակարարումից մարդիկ նյութական կորոստներ են կրում. ոմանց սառնարանն ու համակարգիչն է շարքից դուրս եկել, մյուսների ջեռուցման կաթսան, լվացքի մեքենան, հեռուստացույցը:
Մարտիկ Հովսեփյան (Նորակերտի բնակիչ) - Մարդկանց ապրուստը փչանում է: Մի երկու բան են առնում-դնում սառնարանը՝ փչանում է:
Անելանելի դրություն է ստեղծվում հատկապես խանութներում. սառնարաններում մթերքը փչանում է: Իսկ բուժամբուլատորիայում հարվածի տակ են հայտնվում պատվաստանյութերը: Մանկապարտեզը ևս զերծ չի մնում անհարմարություններից: Օդորակիչով սառեցվող սենյակում միրգ-բանջարեղենը որակազրկվում է, իսկ սառնարանում պահվող մսամթերք-կաթնամթերքը օգտագործման համար դառնում վտանգավոր:
Հասմիկ Գարսևանյան - Բազմիցս դիմել ենք ՀԷՑ, որ հարցին լուծում տան, բայց ամեն անգամ խոստացել ու հարցը ձգձգել են:
Էլեկտրասյուների հետ աշխատելու դժվարություններն առաջացրել են բնակիչները՝ ասում են ՀԷՑ Էջմիածնի մասնաճյուղում: Մարդիկ բնակելի տարածքներն ապօրինի ընդարձակել, սյուները ներառել են մասնավոր տիրույթ:
Տներ էլ կան, որոնց գազատարը պատվար է դարձել էլեկտրասյան համար: Իսկ ծառերը, որոնք սերտաճել են հոսանքալարերին ու սյանը, էլեկտրիկներին աշխատելու հնարավորություն չեն տալիս:
Անդրանիկ Քթոյան (ՀԷՑ Էջմիածնի մասնաճյուղի ավագ ճարտարագետ) - Կա խնդիր նաև ծառահատման հետ կապված: Գծերի տակ ծառեր են աճել, որն ինքնին բերում է վթարային վիճակի: Աշխատանքներ պետք է տանեն համայնքի ղեկավարները՝ մեզ հետ համատեղ:
Նորակերտը 2008 թվականից ընդգրկված է էլեկտրասյուների և գծերի վերակառուցման ու փոխարինման ներդրումային ծրագրում: Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արվել են, բայց հիմնական գործը դեռ չեն էլ սկսել:
Անդրանիկ Քթոյան - Ժամկետը չեմ կարող ասել, որոշում է ՀԷՑ-ը: Երբ նյութերը կտրվեն, կարգադրությունը կլինի, կսկսենք:
Իսկ խափանված տեխնիկայի համար ՀԷՑ-ը կփոխհատուցի, եթե ապացուցվի, որ պատճառը հոսանքի տատանումն է: