Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Օրակարգում եղել են Ուկրաինայի շուրջ զարգացումները. Լավրովը համոզմունք է հայտնել, որ Կիևին ամերիկյան ռազմական աջակցությունը միայն երկարաձգում է հակամարտությունը:
«Քննարկվել է աշխարհում պարենային անվտանգության հարցը, մասնավորապես՝ Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի և ռուսական մթերքների ու պարարտանյութերի արտահանման մասին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Լավրովը նշել է, որ իրավիճակը բարդանում է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, ռուսական մատակարարումների համար սահմանափակումներից բացառություններ անելու՝ Վաշինգտոնի խոստումներն էլ դեռ չեն իրականացվել»,- ասված է հայտարարության մեջ:
Դիվանագետներն անդրադարձել են նաև Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում անազատության մեջ գտնվող երկու երկրների քաղաքացիներին փոխանակելու հնարավորությանը, պայմանավորվել, որ այդ հարցի քննարկումները կշարունակվեն լուռ դիվանագիտության ռեժիմով:
Հեռախոսազրույցն անկեղծ էր և ուղիղ՝ այսպես է Էնթոնի Բլինքենը գնահատել Լավրովի հետ քննարկումները։ Պետքարտուղարը զգուշացրել է՝ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Ուկրաինայի շրջանները միացվեն Ռուսաստանին։
Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո պետքարտուղարը զանգահարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային: Վերջինս Twitter-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Բլինքենի համոզմամբ՝ Վաշինգտոնը կուժեղացնի Կիևին ռազմական և տնտեսական աջակցությունը:
ՌԴ-Ն ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ Է ԵԼԵՆՈՎԿԱՅԻ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Դոնեցկի շրջանի Ելենովկա գյուղի կալանավայրը, որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիներ, այդ թվում՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում եղած զինվորականները, հրթիռակոծել է ռուսական կողմը, կա ավելի քան 50 զոհ՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տեղեկացված է: Բոլորը պետք է իմանան՝ ինչ է տեղի ունեցել իրականում»,- վստահեցրել է նախագահը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գնդակոծության համար մեղադրել է ուկրաինական կողմին. «Ելենովկայի կալանավայրը խոցվել է ամերիկյան HIMARS հրթիռային համակարգով։ Զոհվել է 40 ուկրաինացի ռազմագերի, 75 մարդ վիրավորվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ կատարվածի հանգամանքները պարզվում են:
ԵՄ 12 ԵՐԿԻՐ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶ
Ռուսաստանը մասամբ կրճատել կամ ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը ԵՄ անդամ 12 երկրի՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ գազի սպառումը 15%-ով նվազեցնելու նախաձեռնությունը և էներգետիկ նոր գործընկերների հետ գործակցությունը կօգնի մինչ ձմեռ համալրել եվրոպական պաշարները։
ԵՄ արտաքին գործերի հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն էլ հայտնել է, որ Եվրամիության երկրները կիսով չափ կրճատել են Ռուսաստանից բնական գազի գնումները:
«Եթե մինչ պատերազմ ռուսական էներգակիրների մասնաբաժինը կազմում էր 40%, ապա այժմ այդ ցուցանիշը հասել է 20%-ի: Սակայն եվրոպական տնտեսությունից պահանջել դադարեցնել գազ գնելը մեկ գիշերում անիրատեսական է: Մենք չենք կարող հրաշքներ գործել»,- մտահոգություն է հայտնել Բորելը։
ԲԱՅԴԵՆԸ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ 2024-Ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կառաջադրվի 2024թ. նախագահական ընտրություններում՝ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Կարին Ժան-Պիերը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել հասարակական կարծիքի հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Ջո Բայդենի վարկանիշը գրանցել է նոր նվազագույն ցուցանիշ:
Gallup սոցիոլոգիական ծառայության հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Բայդենի աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների ընդամենը 38 %-ը: Սա Բայդենի ամենացածր ցուցանիշն է՝ 2021 թ. հունվարին երդմնակալությունից սկսած:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՊԿԻ ԾԱՂԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն արտակարգ դրություն է հայտարարել նահանգում կապիկի ծաղիկի բռնկման պատճառով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում այդ հիվանդությամբ վարակման յուրաքանչյուր չորրորդ դեպքը բաժին է ընկնում Նյու Յորք-ին: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալով՝ հուլիսի 29-ի դրությամբ նահանգում գրանցվել է հիվանդությամբ վարակման 1345 դեպք:
Աշխարհում, ընդհանուր առմամբ, հայտնի է վարակման ավելի քան 22000 դեպքի մասին, հիվանդությունը հայտնաբերվել է արդեն 79 երկրում: Դեպքերի 70 %-ից ավելին արձանագրվել է Եվրոպայում: