ՋՐՀԵՂԵՂ ԻՐԱՆՈՒՄ. ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 56-Ի
Իրանում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը հասել է 56-ի՝ հայտնում են իրանական Կարմիր մահիկից։ 18 մարդ համարվում է անհայտ կորած:
Նշվում է, որ ջրհեղեղից ամենաշատը տուժել են Յազդ, Լուրեստան, Մազանդերան, Թեհրան, Չեհարմեհալ և Բախտիարիա նահանգները։
Հուլիսի 23-ին տեղական իշխանությունները հայտնեցին, որ Իրանի Ֆարս նահանգում ջրհեղեղի հետևանքով 11 մարդ է մահացել, ևս 13-ի գտնվելու վայրն անհայտ է։ Ընդհանուր առմամբ տուժել է 21 նահանգ, տարհանվել է շուրջ 2500 մարդ։
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԳՈ ՕՐ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ
Այսօր Վրաստանում սգո օր է՝ ի հիշատակ նախօրեին Գուդաուրի լեռնային հանգստավայրում փրկարարական ուղղաթիռի կործանման պատճառով զոհվածների։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ուղղաթիռի կործանման հետևանքով 8 մարդ է զոհվել: Բացի անձնակազմից՝ ուղղաթիռում եղել են փրկարարներ և բուժաշխատողներ։
Նշվում է, որ ուղղաթիռը մանևրելու ժամանակ հարվածել է ժայռին և կորցրել կառավարումն ու ընկել:
ԲԱՂԴԱԴՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Բաղդադում հուլիսի 27-ից հետո վերսկսվել են բողոքի ակցիաները, ցուցարարները պահանջում են ցրել խորհրդարանը և վարչապետի պաշտոնում չառաջադրել Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին, մարդկանց նաև անհանգստացնում է այն փաստը, որ երկիրն առանց նոր կառավարության է արդեն ավելի քան 290 օր:
Ակցիայի մասնակիցները ներխուժել են Ներկայացուցիչների խորհրդի շենք։ Անվտանգության ուժերն ու զինվորականները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, սակայն չեն կարողացել զսպել ցուցարարների բազմությանը։ 60 մարդ արդեն հոսպիտալացվել է:
Իրաքում քաղաքական իրավիճակը վատթարացել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Ճգնաժամն էլ ավելի է սրվում էներգետիկ խնդիրների, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացման հետևանքով։
ԱՄՆ-Ն ՈՒ ՃԱՊՈՆԻԱՆ ՄԻԿՐՈՉԻՊԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԲԱՑԵՆ
Վաշինգտոնում տեղի են ունեցել ԱՄՆ և Ճապոնիայի տնտեսական և արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը և Տոկիոն պետք է շարունակեն Ռուսաստանի դեմ նոր միջոցների սահմանել՝ նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև Կորեայի Հանրապետության և Ավստրալիայի հետ անվտանգության ոլորտում գործակցության կարևորությունը:
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի ու արդյունաբերության նախարար Կոիտի Հագիուդան հայտնել է, որ կողմերը կառուցողական երկխոսություն են անցկացրել տնտեսական մի շարք հարցերի շուրջ և վստահություն հայտնել, որ այդ բանակցությունները հիմք կհանդիսանան հարաբերությունների հետագա զարգացման համար:
Պաշտոնյան տեղեկացրել է, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր սերնդի միկրոչիպերի մշակման գիտահետազոտական կենտրոն բացելու վերաբերյալ: