30, 50, 70... երբեմն նույնիսկ 90 տոկոսի հասնող զեղչային առաջարկները գնորդներին մոլորեցնելու թակարդ այլևս չեն կարող դառնալ: Հուլիսի 31-ից, արդեն օրենքի ուժով, իր խանութի տեսականին զեղչել ցանկացող տնտեսվարողը պարտավոր է առաջնորդվել նոր պահանջներով: Սպառողը պետք է մանրամասն իրազեկվի՝ ինչն է զեղչվում, ինչքան ու ինչ ժամանակով: Առանց հստակության, ցուցափեղկին փակցված դատարկ թվերը այլ կերպ են ընկալվելու:
Տիգրան Մարկոսյան (Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Եթե տնտեսվարող սուբյեկտը չի հայտարարում ապրանքների շրջանակ, ապա, օրենքի համաձայն, փաստի ուժով ենթադրում է որ ամեն ինչի վրա է տարածվելու, հետևաբար տնտեսվարողը թող մտածի. եթե որոշում է խաբկանքների դիմել կամ ծուղակը գցել, կամ հետաքրքրություն ստեղծել, ապա հետևանքը կարող է դա լինել, որ սպառողն էլ կարող է բողոքել ու ասել՝ փաստորեն, դու ամբողջի վրա չես կիրառել:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն օրենքի փոփոխության, ավելի ճիշտ՝ հստակեցման գնաց բազմաթիվ բողոքները հաշվի առնելով՝ ասում է Մարկոսյանը: Վերջին տարիներին ակցիաների, զեղչերի հետ կապված տարեկան միջինը 10 գործ են քննել: Շատ են օրինակները, երբ գինն արհեստականորեն բարձրացվում է, հետո իջեցվում, կամ հայտարարվում է զեղչի մասին, սակայն որևէ գնային փոփոխություն տեղի չի ունենում:
Տիգրան Մարկոսյան - Իրազեկման մեջ պետք է նշվի, թե ինչի վրա է դա տարածվում, կամ նշվի աղբյուրը, որտեղ դա կարելի է տեսնել, հետևաբար դրա շեղումները կլինեն համապատախան հետևանքներով:
Առաջին հայացքից գայթակղիչ թվացող առաջարկներին սպառողներն արդեն էլ չեն հավատում: Ասում են՝ երբեմն բարձր զեղչի մասին հայտարարությունն ավելի շատ իմիտացիա է, մարքետինգային քայլ, քան իրականություն:
Օրենքի փոփոխությունը նաև բիզնեսի սրտով է: Կոշիկի վաճառքով զբաղվող խանութի մենեջերն ասում է՝ որոշ չափով ծանոթ են նոր պահանջներին: Գիտեն՝ եթե ցուցափեղկին մինչև 50% զեղչի մասին հայտարարություն են փակցրել, ապա նշված առավելագույն գնով պետք է զեղչված լինի տեսականու առնվազն 20 %-ը: Ոլորտի աշխատակիցը վստահեցնում է՝ գնորդներին մոլորեցնելն այսօր հեշտ չէ:
Սեզոնի ավարտին խանութներում սկսվող զեղչային տեղատարափը նաև ժամկետ պետք է ունենա: Տարիներով ձգվող գնիջեցումները օրենքով կսահմանափակվեն՝ առավելագույն ժամկետ 3 ամիս է սահմանվել՝ ասում է վերահսկող մարմնի անդամը: Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ եթե բիզնեսն այդքանից հետո կխախտի օրենքը, ու անբարեխիղճ մրցակցության դեպք կարձանագրվի, հարցը կգա իրենց վարույթ: Իսկ դրա համար տուգանք է նախատեսված՝ նախորդ տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:
Տիգրան Մարկոսյան - Մասնագիտական հանրույթից ու բիզնես շրջանակից միայն դրական գնահատական ենք լսել էս առանչությամբ: Դրանք շարունակում են հնչել, ինչը վկայում է՝ ճիշտ թիրախին են խփել և սա իսկապես բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտներիի օգտին է, և մեր սպաեողների իրավունքների պաշտպանության օգտին է, իսկ անբարեխիղճները պետք է մտածեն:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում վստահեցնում են՝ վերահսկելու գործիքակազմ ունեն, գնալու են նաև սպառողներից ստացված ահազանգերի հետևից: