Բեռլինը որպես միջնորդ Անկարայի, Աթենքի և Նիկոսիայի հարցում այլևս անաչառ չէ՝ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն:
«Ցանկանում ենք, որ Գերմանիան հավասարակշռված դիրքորոշում պահպանի Միջերկրական ծովի արևելյան հատվածում և Էգեյան ծովում: Երրորդ երկրները, այդ թվում՝ Գերմանիան, չպետք է օգտագործվեն որպես քարոզչության գործիք»,- ասել է արտգործնախարարը։
Ստամբուլում գերմանացի գործընկերոջ՝ Աննալենա Բերբոքի հետ համատեղ մամուլի ասուլիսին թուրք դիվանագետն ընդգծել է, որ Բեռլինը պետք է լսի բոլոր կողմերին՝ առանց նախապաշարմունքների։
Լրատվամիջոցները հայտնում են, որ նախարարների հանդիպումը լարված է անցել: Բերբոքն Անկարային կոչ է արել կատարել ՄԻԵԴ-ի որոշումները, մասնավորապես՝ ցմահ ազատազրկման դատապարտված հասարակական գործիչ Օսման Քավալային ազատ արձակելու վերաբերյալ։
Չավուշօղլուն պատասխանել է. «Այդքան դատավճիռներ չեն կատարվել այլ երկրներում։ Դուք Հունաստանից եք գալիս, այնտեղ չանդրադարձաք ոչ մի դատավճռի։ Ինչո՞ւ եք դեռ խոսում Քավալայի մասին։ Որովհետև օգտագործեցիք նրան Թուրքիայի դեմ։ Դուք եք նրան ֆինանսավորել»,- ասել է Չավուշօղլուն։
Նախօրեին Աննալենա Բերբոքը աշխատանքային այցով մեկնել էր Աթենք, որտեղ հանդիպել էր Հունաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ: