44-օրյա պատերազմից մեկ օր առաջ Արցախի պաշտպանական շրջանի հրամանատարին պարբերաբար զեկուցել են հակառակորդի տեխնիկայի և անձնակազմի առաջ շարժվելու մասին, սակայն գնդապետը կանխարգելիչ որևէ քայլ չի ձեռնարկել:
Քրեական վարույթի շրջանակում պարզվել է՝ գնդապետը սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի և Պաշտպանության բանակի շուրջ 100 սպայի մասնակցությամբ անցկացրել է խնջույք, որի ընթացքում ենթակա ստորաբաժանումների հրամանատարներից 15-30 րոպե պարբերականությամբ ստացել է մարտական գործողությունների հնարավոր վտանգի կտրուկ բարձրացման վերաբերյալ զեկույցներ։
Ռաֆայել Վարդանյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ) - Հատկանշական է, որ հարակից այլ ՊՇ-ների հրամանատարներ նույնպես հրավիրված են եղել միջոցառմանը, սակայն չեն մասնակցել՝ պատճառաբանելով, որ իրենք գտնվում են մարտական աշխատանքային ռեժիմում:
Պաշտպանական շրջանի հրամանատարը ոչ միայն անտեսել է ենթակաների զեկուցումները, այլև հակառակորդի տեղաշարժի վերաբերյալ չի տեղեկացրել բանակի վերադաս ղեկավարությանը:
Ռաֆայել Վարդանյան - Էս պայմաններում, ունենալով այն պարտականությունները և լիազորությունները՝ դուրս բերել ամբողջ զորամասի անձնակազմը, մյուս գումարտակների անձնակազմը պաշտպանության և ուժեղացնել մարտական դիրքերի պաշտպանությունը, չի կատարել: Ունեցել ենք դիրքեր, որոնք խաղաղ ժամանակ չեն պահվում, և այդ դիրքերում բերվի և մարտական հերթապահությունը սահմանվի, ուժեղացվի, որևէ քայլ չի ձեռնարկել:
Արկադիկ Գաբրիելյան (ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ) - Ասել է, որ հոգ մի արեք, մի ստեղծեք տագնապային իրավիճակ, ամեն ինչ ինքը ընթացքի մեջ է պահում և տեղեկացված է, սակայն որևէ մեկի չի զեկուցել, այդ պայմաններում ստեղծվել է նման իրավիճակ:
Հրամանատարի անգործության հետևանքով՝ հակառակորդը ժամերի ընթացքում մխրճվել է հայկական կողմի թիկունքը՝ շրջափակման վտանգ ստեղծելով մեր ստորաբաժանումների համար: Հետագա օրերի ընթացքում, հակառակորդի արագ առաջխաղացման հետևանքով հայկական կողմն ունեցել է մարդկային ու տարածքային կորուստներ:
Արկադիկ Գաբրիելյան - Ունեցել ենք կորուստներ՝ Թալիշի, Մատաղիսի ամբողջական տարածքի կորուստը, որը ստիպված, հարկադրված արդեն ամբողջ գումարտակը շրջափակման մեջ ընկնելու վտանգից արդեն հոկտեմբերի 2-ին դուրս է բերվել ՊՇ-ից:
Պաշտպանական շրջանի հրամանատար գնդապետը երեկ՝ հուլիսի 29-ին, կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելու հոդվածով, որը հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն: Նախաքննությունը շարունակվում է:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան