Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Օրակարգում են եղել Ուկրաինայի շուրջ զարգացումները: Լավրովը վստահեցրել է՝ ռազմական գործողության նպատակները կիրականացվեն, հավելել՝ Կիևին ամերիկյան ռազմական աջակցությունը միայն երկարաձգում է հակամարտությունը, բազմապատկում զոհերի թիվը:
«Քննարկվել է աշխարհում պարենային անվտանգության հարցը, մասնավորապես՝ Սև ծովի նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի և ռուսական մթերքների ու պարարտանյութերի արտահանման մասին Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Լավրովը նշել է, որ իրավիճակը բարդանում է ամերիկյան պատժամիջոցների պատճառով, ռուսական մատակարարումների համար սահմանափակումներից բացառություններ անելու՝ Վաշինգտոնի խոստումներն էլ դեռ չեն իրականացվել»,- ասված է հայտարարության մեջ:
Դիվանագետներն անդրադարձել են նաև Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում անազատության մեջ գտնվող երկու երկրների քաղաքացիներին փոխանակելու հնարավորությանը, պայմանավորվել, որ այդ հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն լուռ դիվանագիտության ռեժիմով:
Հեռախոսազրույցն անկեղծ էր և ուղիղ՝ այսպես է գնահատել Լավրովի հետ քննարկումները Էնթոնի Բլինքենը։
Պետքարտուղարը զգուշացրել է՝ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Ուկրաինայի շրջանները միացվեն Ռուսաստանին։ Նա նաև ընդգծել է՝ որ Մոսկվան պետք է կատարի հացահատիկային միջանցքի ստեղծման վերաբերյալ պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները:
Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո պետքարտուղարը զանգահարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբային: Վերջինս Twitter-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ Բլինքենի համոզմամբ՝ Վաշինգտոնը կուժեղացնի Կիևին տրամադրվող ռազմական և տնտեսական աջակցությունը: