«Արդուկ» սոցիալական ձեռնարկության պաշտոնական բացումն ազդարարված է: Այս կառույցը կօգնի լուծել սոցիալական խոցելի խմբի՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մայրերի խնդիրները: Խոսքը հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների մասին է, որոնք, երեխայի խնամքով պայմանավորված, չեն աշխատում:
Շողեր Աթանեսյան («Արդուկ» ՍՁ հիմնադիր) - «Արդուկ»-ի շահառուները հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերն են: Նրանք աշխատելու խնդիր ունեն, քանի որ տնից չեն կարող դուրս գալ, երեխաներին չեն կարող թողնել, և մենք նրանց աշխատանքով են ապահովում, տան պայմաններում իրականացնում են արդուկման և լվացքի աշխատանքներ, դրանով հանդերձ հոգում են իրենց ֆինանսական խնդիրը և ստանում կայուն եկամուտ:
Կառույցը ստեղծվել է Եվրամիության դրամաշնորհով: Դեսպան Անդրեա Վիկտորինը գաղափարի հեղինակներին շնորհավորեց, նշեց՝ առողջական խնդրով փոքրիկների մայրերին աշխատանքով ապահովող «Արդուկ» ծրագիրը կլուծի այդ մայրերի սոցիալական դժվարությունները:
Անդրեա Վիկտորին (ՀՀ-ում ԵՄ դեսպան) - Այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է` հաղթահարելու այն դժվարությունները, որոնք ճակատագրի բերումով ստիպված են հաղթահարել հարյուրավոր կանայք: Մենք համաձայնեցինք աջակցել այս ծրագրին, քանի որ հասկանում ենք, թե որքան կարևոր և զգայուն խնդիր է: Այս ծրագրով մենք մի քանի խնդիր ենք լուծում. նախ՝ մայրերը կլինեն իրենց երեխաների կողքին, երկրորդ՝ չեն զրկվի խնամքից, և հետո՝ կլուծենք նրանց սոցիալական խնդիրը:
Այս ծրագիրը կանանց ավելի ինքնաբավ դարձնելու կարևոր առաքելություններից է. այս համոզմանն է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը: Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ծնողների համար «Արդուկ» սոցիալական ձեռնարկությունը կարող է հավասար հնարավորություններ ստեղծել, նաև աշխատաշուկայում մրցակցություն ապահովել:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար) - Մենք պիտի փորձենք կանանց զորեղացմանն աջակցել հատկապես բարձր զբաղունակության ոլորտներում, որովհետև մենք հիմա ունենք մի պատկեր, երբ կանայք ՀՀ-ում բարձրագույն կրթության ոլորտում անգամ, լինելով ավելի մեծ թվեր-ցուցանիշներ ներկայացնող անձինք, վարձատրության ոլորտում մեծ խզվածք լինելու պատճառով նրանք շատ հաճախ, ցավոք, չեն կարողանում բարձր զբաղունակության ոլորտում իրենց ուրույն տեղը գտնել:
«Արդուկ» սոցիալական ձեռնարկությունը թեև ստեղծվել է ամիսներ առաջ, այնուամենայնիվ, կառույցից վստահեցնում են՝ շահառուներն օր օրի ավելանում են: Ընկերությունից դժվարանում են աշխատողների կոնկրետ թիվ նշել, պատրաստվում են աշխարհագրությունն ընդլայնել և մայրաքաղաքից դուրս գալ՝ հնարավորություն տալով աշխատել նաև մարզերի այն կանանց, որոնք ունեն աշխատանքի կարիք: