Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներն այցելեցին Շիրակի մարզի Լուսակերտ համայնք, որտեղ ՄԱԿ-ն իրականացնում է «Կանաչ էներգիա արդյունավետ գյուղատնտեսության համար» ծրագիրը։
Ծրագրի մեկնարկը տրվել է 2021 թվականին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գյուղատնտեսության և գյուղական հարցերի նախարարության նվիրատվությամբ։ Ծրագրի առաջին բաղադրիչով համայնքային կենտրոնին տրամադրվել է արևային կայան։
Սամվել Բալաբեկյան (Լուսակերտ բնակավայրի վարչական ղեկավար) - Համայնքի կողմից ներդրում չի եղել, դա զուտ եղել է օգնություն համայնքի համար: 20 կվտ հզորությանբ կայան է, որը կօգտագործվի համայնքի շահերի համար։
Կայանը շահագործվում է մայիսից: Տարեկան խնայողություններով համայնքը պատրաստվում է աջակցել գյուղատնտեսության զարգացմանը: Ծրագրի մյուս բաղադրիչով համայնքից տասնհինգ տնտեսություն ստացել են սերմեր ու անցել վերապատրաստման դասընթաց՝ ոչ ավանդական եղանակով հողագործության ու այգեգործության թեմայով:
Գոհար Նիկոլյանը ընտանիքի հետ ծրագրի շահառու է, այս տարի ավանդականի կողքին նաև նոր մշակաբույսեր է աճեցրել։
Ներդրումը Շիրակի մարզում շատ մեծ չէ, բայց արդյունքները գոհացուցիչ են։ Փորձը կարելի է կիրառել նաև այլ համայնքներում՝ ասում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Նանա Սկաուն։
Նանա Սկաու (ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար) - Շնորհակալ ենք Չինաստանի Ժողովրդական հանրապետությանը՝ այս ծրագրին օժանդակելու համար։ 25 հազար դոլարն այնքան էլ մեծ գումար չէ, բայց այն թույլ է տալիս մեծ ազդեցություն ունենալ։ Իրականում ծրագիրը երեք բաղադրիչ ունի․ 15 ֆերմեր օժանդակություն է ստացել կաթիլային ոռոգման համակարգի տեսքով, ինչպես նաև մասնակցել են ագրարային դասընթացների և բարելավել իրենց գիտելիքները․ համայնքը նաև արևային համակարգ ունի հիմա, ինչը հնարավորություն կտա գումար տնտեսել և ներդրումներ անել գյուղատնտեսության մեջ։
Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի համար գոհացնող էին գյուղացիական տնտեսությունների գրանցած հաջողությունները։ Ծրագիրը աղքատության հաղթահարման ռազմավարության տրամաբանության մեջ է։
Ֆան Յոնգ (ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Աղքատությունն իրականում մի երկրի խնդիր չէ, այն գլոբալ խնդիր է, և դրա հաղթահարումը համընդհանուր մոտեցում է պահանջում։ Չինաստանի Ժողովրդաան Հանրապետությունն ուրախ է աջակցել նմանատիպ ծրագրերին, որոնք նպաստում են աղքատության հաղթահարմանը Հայաստանում:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանի ավելի քան 50 համայնքներում նմանատիպ ծրագրեր է իրականացնում։
Իսկ Չինաստանը մտադիր է գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագիրը առաջիկայում ընդլայնել։