Երկաթբետոնե ջրատար խողավակների փոխարեն նախկինում հողային հունով առուն էր ոռոգման ջուրը հասցնում գյուղացուն: Մեծ էր և՛ ջրի, և՛ ժամանակի կորուստը:
Վարդան Մովսիսյան («Երևան» ՋՕԸ փոխտնօրեն) - Եվ քանի որ այս հողատարածքները գերնորմատիվային են, կորուստները կազմում են շուրջ 50 տոկոս: Սակայն այս տարի այս վաքերը կառուցելուց հետո կորուստը մինիմալի հասցվեց, կարելի է ասել՝ չկա, քանի որ նոր են, բացի դրանից՝ նոր կառուցման արդյունքում ջրի տնտեսում եղավ:
Ոռոգման համակարգերի արդիականացման 50 միլիոն դոլար արժեքով ծրագիրը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է իրականացնում: 40 միլիոնը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10-ը միլիոնը՝ Կառավարության համաֆինանսավորումը:
Արա Օհանյան (ՀՏԶՀ ջրային տնտեսության ԾԻԳ մասնաճյուղի վերահսկող ինժեներ) - Մենք հիմա գտնվում ենք Խարբերդի համայնքի տարածքում, որտեղ կառուցվել է 2800 գծամետր ներքին ոռոգման ներտնտեսային ցանց: Կարելի է ասել՝ կառուցվել է համայնքում գոյություն ունեցող ամբողջ ներտնտեսային ցանցի մոտ 10-12 տոկոսը:
Մասիսի տարածաշրջանում ներքին ցանցը շուրջ 400 կմ է, ծրագրով արդիականացվել է 32-ը, արդեն մշակովի նոր հողատարածքներ են ավելացել՝ նկատում է «Երևան» ՋՕԸ փոխտնօրենը:
Վարդան Մովսիսյան - ջուրն ավելի արագ է ոռոգում տվյալ հողատարածքը, ջրի խնայողություն է բերում և խնայողության հաշվին նոր հողատարածքներ են սկսել ոռոգել: Քանի որ ժողովուրդը մինչև կառուցումն ավելի դժվար էին ոռոգումն իրականացնում, հիմա տեսնելով, որ ջուրը կա, արդեն մոտենում են հողին, որ մշակեն իրենց հողատարածքները:
Ըստ հաշվառումների՝ Արմավիրի մարզում էլ են ավելացել ոռոգվող հողատարածքները: Ներտնտեսային ցանցի հիմնանորոգում իրականացվել է մարզի 41 համայնքում:
Էդվարդ Հովհաննիսյան (Արմավիրի մարզպետ) - Մի մասում ավարտվել են աշխատանքներն ու հանձնվել շահագործման: Ընդհանուր կազմում է 93.5 կմ, ընդհանուր արժեքը՝ 2 մլրդ 600 մլն դրամ:
Ծրագրով հիմնանորոգվել է նաև 3.6 կմ երկարությամբ Ստորին Հրազդան ջրանցքը, երկրորդ կարգի՝ 11 ջրանցք: ՏԶՀ-ն ոռոգման ցանցն արդիականացնում է Հայաստանի 105 համայնքում՝ վերականգնելով 265.9 կմ ներտնտեսային ցանց: Իսկ ամբողջ Հանրապետությունում այն 14.5 հազար կմ է:
Էդվարդ Հովհաննիսյան - Սուբվենցիոն ծրագրերով նախատեսել ենք 2 տասնյակից ավելի բնակավայրում նոր խորքային հորերի գործարկում, որոնք կլուծեն ոռոգման խնդիրները:
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն ավարտվում է: Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվի 64.2 կիլոմետր ջրանցք: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը: