2019 թվականին հրդեհից սաստիկ տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի բացումն այցելությունների և կրոնական միջոցառումների համար նախատեսված է 2024 թվականին՝ հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակը, հաղորդում է France24-ը։
«Վերանորոգման աշխատանքներն արագ են ընթանում՝ ըստ ժամանակացույցի: Մենք վստահ ենք, որ 2024 թվականին աշխատանքների մեծ մասը կավարտվի, և տաճարը կբացվի ծեսերի ու հանրության համար»,- նախարարի խոսքն են մեջբերում ֆրանսիական լրատվամիջոցները:
Նա հավելել է, որ դա «հավակնոտ նպատակ» է, քանի որ «վերանորոգման աշխատանքները չափազանց բարդ են»:
Բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենը, որը պատասխանատու է Աստվածամոր տաճարի վերականգնման համար, Le Figaro թերթին ասել է, որ «ներկա դրությամբ ոչինչ չի խանգարում 2024 թվականին տաճարի բացմանը»:
2019 թվականի ապրիլին ուժգին հրդեհ բռնկվեց տաճարում, որը համարվում է Փարիզի խորհրդանշաններից մեկը։ Մայր տաճարը զգալի վնաս կրեց՝ փլուզվեց շենքի գմբեթն ու տանիքը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդիր էր դրել վերականգնումն ավարտել հինգ տարվա ընթացքում՝ մինչև 2024 թվականը, սակայն ճարտարապետները դա քիչ հավանական էին համարում։