Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի ու Արագածոտնի ապագա պարեկներն օգոստոսի 1-ից կսկսեն իրենց հնգամսյա դասընթացները: Առկա տեղերի համար ի սկզբանե գրեթե եռակի շատ դիմում էր ստացվել: 1850 հայտ ներկայացրածներից նախնական փուլերը հաղթահարել են ընդամենը 626-ը:
Արփինե Սարգսյան (ՀՀ արդարադատության փոխնախարար) - Անձինք, ըստ էության, հնարավորություն կունենան օգոստոսի 1-ից մասնակցելու ուսումնական հնգամսյա պրոցեսին:
Կրթական փուլին հասած դիմորդներից 308-ը նոր են համակարգ մտնելու, սովորական քաղաքացիներ են՝ ասում է փոխնախարարը, իսկ մնացած 318-ը՝ ոստիկաններն են:
Արփինե Սարգսյան - Հիմնականում ամենաբարձր մրցունակությունն ունեցել է Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, ավելի քիչ մրցունակություն է եղել Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում, բայց այսօր 626 անձինք հավակնում են ամփոփելու այն բոլոր ամբողջական տեղերը, որոնք մենք նախատեսել ենք չորս մարզերի համար:
Ի տարբերություն Երևանի, որտեղ պարեկային ծառայությունն առաջինը ներդրվեց, մյուս մարզերում արդեն տեսական ուսուցմանը զուգահեռ նաև գործնական դասեր են կազմակերպվում՝ նշում է Սարգսյանը: Լոռու ու Շիրակի դեպքում այդկերպ վարվեցին, արդյունքում՝ մեկնարկի պահից սկսած համակարգն ավելի պատրաստված էր, պարեկները՝ ավելի հմուտ տարբեր իրավիճակներին արձագանքելու հարցում: Փուլից փուլ մոնիթորինգ են անցկացնում, շտկում բացերը՝ վստահեցնում է փոխնախարարը:
Արփինե Սարգսյան - Չորս մարզերի համար հայտարարված մրցույթում մենք թիրախավորեցինք նաև հարցազրույցի փուլը և ուսումնական պրոցեսը, որոշ դասընթացներ վերափոխվեցին, դասաքանակների միջև կարողացանք փոփոխել բաշխվածությունը՝ հաշվի առնելով թե՛ Երևանի, թե՛ Լոռու ու Շիրակի ուսումնական պրոցեսի արդյունքները, և հարցազրույցի փուլի հետ կապված նաև հարցաշարի փոփոխություն մենք ունեցանք, որ կարողանանք ավելի բարձր օբյեկտիվություն ապահովել:
Խնդիր է մնում, սակայն, համակարգում կանանց ներգրավման հարցը: Այս դեպքում 626-ից ընդամենը 19-ն են կին: Գեղարքունիքն ու Տավուշը այս հարցում ամենապասիվն էին՝ նկատում է Սարգսյանը: Փոխնախարարը վստահ է՝ եթե նոր ծառայությունում կանայք ավելի շատ լինեն, ավելի զգոն միջավայր կապահովվի, հարցը քննարկել են նաև ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում ու որոշել:
Արփինե Սարգսյան - Կանանց տեսանկյունից մենք կունենանք առանձին իրազեկման արշավ, կփորձենք գնալ գյուղ առ գյուղ, խումբ առ խումբ քննարկել կանանց հետ այս թեման ու կարողանալ առանձին մրցութային փուլ անցկացնել բոլոր մարզերի միայն կանանց թափուր տեղերի համար: Սա թույլ կտա ավելի թիրախավորված կերպով ապահովել կանանց ներգրավվածությունը այս մարզերում:
Դասընթացները կտևեն մինչև դեկտեմբերի 30-ը, ու արդեն հունվարին Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում ու Արագածոտնում նոր պարեկային ծառայությունը գործի կանցնի: Դրանից հետո ևս մեկ փուլ կանցկացվի, ու, ըստ Արփինե Սարգսյանի, 2023-ին, ինչպես ծրագրել են, ամբողջ հանրապետությունում կավարտվի պարեկային համակարգի ներդրումը: