Այստեղ այս պահին միայն շինարարական մեքենաներն են երթևեկում. անտառամիջյան այս ճանապարհը լինելու է Տաթև-Աղվանի-Սյունիք միջպետական ճանապարհի մի հատվածը, ունի ռազմավարական նշանակություն: Այս ճանապարհը շրջանցելու է Վերին Խոտանան գյուղը: Ներկայիս ճանապարհը, որն անցնում է հենց գյուղի միջով, գլխացավանք է դարձել ինչպես բնակիչների, այնպես էլ վարորդների, հատկապես՝ կցորդիչով բեռնատարների վարորդների համար:
Սերժիկ Պետրոսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ) - Քանի որ ընդեղ տեղամասը էնպիսին էր, որ հնարավոր չէր լայնացումներ անել, խանգարող հանգամանքներ կային, կար պատմամշակութային օբյեկտ, եկեղեցի կար, որի պատճառով հնարավոր չէր լայնացնել Խոտանան գյուղում: Վերին Խոտանանը առանձնանում ա նրանով, որ ինքը նոր կառուցվող ճանապարհ ա:
Հիմա տվյալ հատվածում հողային լիցքի աշխատանքներ են իրականացվում, քանի որ ճանապարհն էլ նոր է, որոշ ժայռային հատվածներում հատուկ տեխնիկա են շահագործում, քանդում, հարթեցնում:
Այս նոր ճանապարհահատվածը համապատասխանելու է միջպետական ճանապարհների ստանդարտներին, գործողի համեմատ մի քանի մետր լայն է լինելու, ինչպես նաև շրջանցելու է մեկ տասնյակից ավելի ոլորաններ: Պետությունը այս ճանապարհահատվածի համար 5.8 մլրդ դրամ է հատկացրել:
Սերժիկ Պետրոսյան - Հրատապությունից ելնելով՝ երկու մասի ենք բաժանել, հողային աշխատանքներն ավարտելուց հետո արդեն ասֆալտապատումը կսկսվի, որի համար արդեն մրցութային գործընթացը հայտարարված է:
Թե՛ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, թե՛ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության աշխատակիցները կրկնակի զգոնությամբ հետևում են աշխատանքներին, հսկում՝ որակը պետք է ամենաբարձր մակարդակի լինի:
11 կմ երկարությամբ ճանապարհի հողային աշխատանքներն այս տարի կավարտեն, պատասխանատու կառույցը հիմա ամեն ինչ անում է, որ այս տարի նաև ասֆալտապատման աշխատանքները մեկնարկեն, բայց վերջնական շերտն արդեն կփռեն ու ճանապարհը լիարժեք շահագործման կհանձնեն մյուս տարի: