Սև հաղարջի է նման միայն հեռվից։ Իրականում լոլիկ է։ Լոռվա այս ջերմոցում պոմիդորի 14-15 գույն կարելի է հաշվել՝ դասական կարմրից մինչև դեղին ու մուգ մանուշակագույն։
Հատկապես որ բերքը օրգանիկ է, աճեցվում է առանց թունաքիմիկատի։ Գյուղում համեմատաբար հով է, բույսերն այս կողմերում քիչ են հիվանդանում։ Եղած վնասատուների դեմ տնական-բնական նյութերով են սրսկում անում։
Սուրեն Գրիգորյանը սերտիֆիկացված է որպես օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող։ Մոտ 13 տարի առաջ, երբ շաքարն իջեցնելու համար խորհուրդ տվեցին բրոկոլի ու հրաշագործ կոլրաբի ուտել, չէր էլ պատկերացնում, որ կաղամբազգի կարմիր ու սպիտակ այդ գնդերը դառնալու են իր բանջարանոցի հիմնական կուլտուրան։
Թե կոլրաբիի, թե տարատեսակ քեյլի, նույն ինքը՝ գանգրակաղամբի համար գնորդի պակաս Հայաստանում, պարզվում է՝ չկա։ Ցանցային սուպերմարկետներում այն վաճառում են փնջած 3-4 տերևով։ Շատ ձեռնտու բույս է, մի թփից կարելի է մինչև ձյան գալը 5 կգ տերև քաղել՝ բիզնես-գաղտնիքները չի թաքցնում այգեգործը։
Սոխի ու սխտորի խառնուրդ համարվող պրասասոխի դաշտից քաղը կսկսի մոտ 20 օրից։ Հատկապես ֆրանսիական ու իտալական խոհանոցներում շատ օգտագործվող կանաչին իդեալական հարմարվել է Լոռվա հողերին։
Եթե լուկ-պարե արտահանող լինի, վարպետ Սուրենը խոստանում է՝ կկազմակերպի, 10 գյուղացիով կաճեցնեն մի ամբողջ խմբաքանակ։ Հարևան այգետերերին հիմա որ համոզում է ավանդական կարտոֆիլ-կաղամբից անցնեն բարձրարժեք, շատ ավելի մեծ եկամուտ ապահովող օրգանիկ մթերք մշակելուն՝ մերժում են։ Ի՞նչ ռիսկով թանկ սածիլներ դնեն, ոռոգման ջուրը նույնիսկ առվի տակը չի փակում՝ ասում են։
Ջրի խնդիրն առաջիկայում կթեթևանա։ Գյուղի հին 7 խորքային հորերից 2-ը շուտով կշահագործեն՝ վստահեցնում է Ջրաշենի վարչական ղեկավարը։
Լոբու ցանկապատը ծարավել է։ Ջերմոցի մեջ պրասասոխի թփերը չպետք է խոնավանան, որ սերմը չչորանա՝ տնեցիներին հանձնարարեց ֆերմերը։ Ինքը դաշտ գնաց՝ բերքահավաքի․ շաբաթ-կիրակի նորից Երևան է գնալու՝ գյուղտոնավաճառում զարմացնի Լոռվա բանջարեղենով։