Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 28-ին ընդունել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանին, գործառնական տնօրեն Վահե Բաթոյանին և «Հարավ» շահագործման տարածաշրջանային տնօրինության ղեկավար Սպարտակ Մկրտչյանին։
Մարզպետը կարևորել է այս հանդիպումն այն համատեքստում, որ կուտակվել էին հարցեր, որոնք մարզային իշխանությունը ցանկանում էր քննարկել ընկերության ղեկավար կազմի հետ։
Արծարծվել են Սյունիքի մարզում՝ «Վեոլիա ջրի» սպասարկման տարածքում խմելու ջրի մատակարարման, սպասարկման որակի, մաքրման կայանների ու ջրագծերի վիճակի, տեխնիկական վերազինման, առաջիկա ծրագրերի հետ կապված ու մի շարք այլ հարցեր։
Ընկերության ղեկավարությունն այս օրերին շրջայց է կատարում մարզում, իր արձանագրումների արդյունքում նշել է, որ Սյունիքում սպառվող ջրի քանակի անբավարար լինելու, առաջացող խնդիրների հիմնական պատճառներից են խմելու ջուրը որպես ոռոգման ջուր օգտագործելն ու ապօրինի միացումները:
Ռոբերտ Ղուկասյանը բարձրաձայնել է բնագավառում առկա մի շարք խնդիրների մասին ու պատասխանատուներից հետաքրքրվել դրանց լուծմանն առնչվող ծրագրերի մասին։
Կողմերը պայմանավորվել են առավել արդյունավետ համագործակցության, խնդիրների լուծման ճանապարհին համատեղ ու համակարգված աշխատանքի մասին։