Արևմուտքի դիրքորոշման և ուկրաինական ճգնաժամի հարցում զիջումների գնալու պատրաստակամության մեջ փոփոխություններ չկան։ Այդ մասին հուլիսի 29-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հայտարարել էր, որ որոշ արևմտյան գործընկերներ մոտեցող ձմռան հետ կապված Կիևին առաջարկել են Մոսկվայի հետ խաղաղ բանակցություններ սկսել։ Սակայն, ըստ Պեսկովի, այդ հարցում առաջընթաց չկա։
EADaily-ն հաղորդում է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները մայիսին դադարեցվել են Կիևի նախաձեռնությամբ։ Ուկրաինական կողմը բազմիցս հայտարարել է, որ Մոսկվայի հետ կբանակցի միայն բոլոր «օկուպացված տարածքների» վերադարձից հետո, ինչը բացառում է դիվանագիտական լուծման ցանկացած հնարավորություն։
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները ներկայումս անհնարին են։