ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո առաջին անգամ ուկրաինական նավահանգստում հացահատիկով է բեռնվել թուրքական նավ. Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հետևել է ամբողջ գործընթացին: Ուկրաինայի նախագահը հավաստիացրել է, որ նավահանգիստը սկսել է աշխատել:
Ուկրաինան պետք է շարունակի մնալ համաշխարհային պարենային անվտանգության երաշխավորը՝ հայտարարել է Զելենսկին: Նրա խոսքով՝ Ուկրաինան հացահատիկի փոխադրման մեկնարկի վերաբերյալ սպասում է համապատասխան ազդակների գործընկերներից՝ ՄԱԿ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներից։ Վոլոդիմիր Զելենսկին հավատացրել է, որ արտահանումը կսկսվի առաջիկա օրերին։
Կիևը համոզված է, որ ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակումը թույլ կտա խուսափել պարենի ճգնաժամից, ինչպես նաև սովից և քաղաքական քաոսից այն երկրներում, որոնք պարենային ապրանքների կարիք ունեն։
ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՍՏԻՊՎԱԾ ԵՆ «ԿՈՒՐՈՐԵՆ ԿՐԱԿԵԼ». ԳԵՐԱՇՉԵՆԿՈ
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական ասել է, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի տեղափոխումը Կիև «առաջին լավ քայլն է», սակայն ափսոսանք է հայտնել անհրաժեշտ տեխնոլոգիայի բացակայության համար, որը ստիպում է ուկրաինացի զինվորականներին «կուրորեն կրակել»։
«HIMARS-ը և ծանր հրետանին առաջին լավ քայլն են, բայց եթե չունենք տեխնոլոգիա՝ գտնելու թիրախները հրետանային հարվածների համար, ապա մենք պարզապես կուրորեն ենք կրակում»,- ասել է Գերաշչենկոն։ Ավելի վաղ ՌԴ-ում Լուգանսկի ներկայացուցչության ղեկավար Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել էր, որ Կիևը HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով խոցում է խաղաղ թիրախները՝ բնակչությանը վախեցնելու և թույլ չտալու հանգիստ պատրաստվել հանրաքվեին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի թիրախում է հայտնվել նաև Դոնեցկի Ելենովկա բնակավայրում գտնվող կալանավայրը, ինչի հետևանքով սպանվել է 47 ուկրաինացի ռազմագերի, 75-ը վիրավորվել են։
ՌԴ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ԹԱՅՎԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԺՀ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ. ԼԱՎՐՈՎ
Մոսկվան աջակցում է Պեկինի՝ Թայվանի հարցում «Մեկ Չինաստանի» քաղաքականությանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ «Մեկ Չինաստանի» վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և որ Ռուսաստանը Չինաստանի ինքնիշխանության սկզբունքի պահպանման հետ կապված խնդիր չի տեսնում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը նախազգուշացրել է, որ Թայվանի հարցում բոլոր նրանք, ովքեր կխաղան կրակի հետ, կկործանվեն:
ԴԵՆԴԻԱՍԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԹԵՆՔԻ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը գերմանացի գործընկերոջ հետ հանդիպմանը վերահաստատել է Աթենքի առարկությունները՝ կապված Գերմանիայի և Թուրքիայի միջև սուզանավերի գործարքի հետ: Դենդիասի խոսքով՝ համաձայնագիրը կարող է վտանգել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը:
Երկօրյա պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ հանդիպումից հետո Հունաստանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Անկարան շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Աթենքի հասցեին:
«Մենք միշտ պատրաստ ենք Թուրքիայի հետ երկխոսության, բայց երկխոսության միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է Դենդիասը։ Աթենքից հետո Գերմանիայի արտգործնախարարը կմեկնի Թուրքիա:
ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԻ ԲԱՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 2024-ԻՆ
2019 թվականին հրդեհից սաստիկ տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի բացումն այցելությունների և կրոնական արարողությունների համար նախատեսված է 2024 թվականին՝ հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալակը: Նա հավելել է, որ դա «հավակնոտ նպատակ» է, քանի որ «վերանորոգման աշխատանքները չափազանց բարդ են»:
Բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենը, որը պատասխանատու է Աստվածամոր տաճարի վերականգնման համար, նույնպես հաստատել է, որ «ներկա դրությամբ ոչինչ չի խանգարում 2024 թվականին տաճարի բացմանը»: