Եթե ձեր կենսաթոշակային դոլարային ֆոնդը կիսամյակի կտրվածքով բացասական արդյունք է գրանցել, մտահոգվելու կարիք չկա՝ ասում են ֆոնդերի կառավարիչները: Պատասխանատուները վստահեցնում են՝ կարճաժամկետ հատվածում այդպիսի երևույթներ լինում են:
Հրայր Ասլանյան («Ամունդի-Ալբա Ասեթ մենեջմենթ» ՓԲԸ ֆոնդերի կառավարիչ) - Մեր ֆոնդերի դեպքում դրանք տատանվել են -5... -10%-ի շրջանակներում: Իսկ գործոնները, որոնք նպաստել են բացասական արդյունքին, առաջին գործոնը մեր ազգային արժույթի արժևորումն է ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ, և գնաճային ճնշումները, որ գլոբալ մակարդակով առկա են, և նաև Հայաստանում:
Բացասական են եղել նաև Իզաբելլա Ադիլխանյանի գլխավորած ֆոնդերի ցուցանիշները: Առավել ռիսկայնություն ունեցողների անկումը շատ ավելի մեծ է եղել, պակաս ռիսկայիններինը՝ քիչ: Պատճառները, սակայն, համընկնում են:
Իզաբելլա Ադիլխանյան («Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն) - Դրամի արժևորումն է, քանի որ ֆոնդերն ունեն արտասահմանյան ներդրումներ, և այդ ներդրումները դրամով վերագնահատվելիս բացասական արդյունք են տալիս ֆոնդերին, ինչպես նաև Կենտրոնական բանկի խիստ դրամավարկային քաղաքականությունը, որի պատճառով տոկոսադրույքները բարձրանում են, և դա, սովորաբար, հակադարձ համեմատական է պարտատոմսերի գներին:
2014 թվականից Հայաստանում ներդրված կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեության ընթացքում կարճաժամկետ անկումներ մշտապես են եղել՝ նշում են կառավարիչները: Ֆոնդերի տարեկան միջին եկամտաբերությունը, սակայն, կազմել է 6.8-7%:
Հրայր Ասլանյան - Կարճաժամկետ տատանումներ միշտ եղել են, ունեցել ենք բավականին շատ շոկեր՝ 14-ին, 18-ին, վերջինը՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանում, երբ ֆոնդերը վերջին 100 տարվա համար ամենակտրուկ անկումն արձանագրեցին, բայց դրան հաջորդեց նաև ամենակտրուկ վերականգնումը:
Պատասխանատուների խոսքով՝ այս շոկը ևս բացառություն չէ. արձանագրված բացասական արդյունքին երկարաժամկետում կհաջորդի դրական դինամիկան:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան