ԲԱՅԴԵՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԹԱՅՎԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԺՀ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հերթական հեռախոսազրույցը տևել է 2 ժամից ավելի: Զրույցի հիմնական թեման եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցը: Չինաստանի նախագահն իր գործընկերոջը նախազգուշացրել է, որ Թայվանի հարցում բոլոր նրանք, ովքեր կխաղան կրակի հետ, կկործանվեն: Սի Ծինփինը Ջո Բայդենին ներկայացրել է Թայվանի հարցում Չինաստանի սկզբունքային դիրքորոշումը:
Նա ընդգծել է, որ Թայվանի հարցը ավելի քան պարզ է՝ Թայվանի նեղուցի երկու կողմերն էլ պատկանում են Չինաստանին: Սին ընդգծել է, որ չին-ամերիկյան երեք համատեղ կոմյունիկեներն արտացոլում են երկու կողմերի ստանձնած քաղաքական պարտավորությունները և «մեկ Չինաստան» սկզբունքը: Հենց դա էլ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների քաղաքական հիմքն է:
«Չինաստանի կառավարության և ժողովրդի դիրքորոշումը Թայվանի հարցում հետևողական է, և Չինաստանի ազգային ինքնիշխանությունը և տարածքային պաշտպանությունն ավելի քան 1,4 մլրդ չինացի ժողովրդի հաստատուն կամքն է»,- նշել է Սի Ծինփինը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանել հաղորդակցությունը բոլոր մակարդակներում և օգտագործել առկա ուղիները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համար:
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՀՐԱԺԱՐՎԵՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ. ԲՈՐԵԼ
ԵՄ երկրներն ապագայում կհրաժարվեն ռուսական գազ ձեռք բերելուց՝ հայտարարել է Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչը: Ժոզեպ Բորելը նշել է, որ գործընթացը տեղի կունենա աստիճանաբար: «Սկզբում՝ ածուխը, այնուհետև՝ նավթը, իսկ գազի դեպքում ժամկետներն ավելի երկար են, քանի որ մենք չենք կարող միանգամից 40 տոկոսից անցնել 0 տոկոսի»,- նշել է Բորելը։
Դիվանագետի խոսքով՝ ԵՄ երկրները պետք է ինքնակամ սկսեն խնայել էներգետիկ ռեսուրսները, այլապես ստիպված են լինելու անել դա պարտադիր հիմունքներով։ Մինչ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելը Եվրոպայում ներմուծվող գազի 40 տոկոսը ռուսականն էր. այս պահին Եվրոպային հաջողվել է ներմուծվող գազի քանակը կիսով չափ կրճատել:
***
Ավստրիայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից նվազել է կիսով չափ՝ հայտարարել է այդ երկրի էներգետիկայի նախարարը: Լեոնորե Գևեսլերը վստահեցրել է, որ կշարունակի ամբողջ ուժով աշխատել՝ ապահովելու Ավստրիային գազի մատակարարումն ու անկախությունը։ Նախարարի խոսքով՝ անցած մի քանի ամիսների ընթացքում կարևոր քայլեր են կատարել, և մինչև նոյեմբերի 1-ը գազի ռազմավարական ամբողջ պաշարը պահպանվելու է իրենց պահեստներում։ Սա անվտանգության բարձիկ կլինի արտակարգ իրավիճակների դեպքում՝ նշել է Գևեսլերը:
***
Ուկրաինայից հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները նախատեսում են նաև պարարտանյութերի տեղափոխում՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը: Նա մանրամասնել է, որ բանակցությունների սկզբում կողմերը կենտրոնացել էին հացահատիկի ուղղությամբ, սակայն վերջին օրերին պայմանավորվածությունների ցանկում ներառվել են նաև պարարտանյութերը: ՄԱԿ-ի պաշտոնյայի խոսքով` ուկրաինական հացահատիկով առաջին նավը կարող է արդեն այսօր դուրս գալ նավահանգստից, եթե կողմերը համաձայնեցնեն ընթացակարգի մանրամասները: Նա հավելել է, որ երբ փոխադրումները սկսվեն, արտահանման մակարդակը հնարավոր կլինի հասցնել հինգ ամիս առաջ եղած մակարդակին: Ուկրաինայից հացահատիկով առաջին նավը կարող է մեկնել Սոմալի։
***
Արգենտինան, Բրազիլիան և Մեքսիկան հրաժարվել են միանալ Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների դատապարտման՝ ամերիկյան երկրների դիրքորոշմանը՝ երեկ Բրազիլիա քաղաքում Ամերիկայի պաշտպանության նախարարների 15-րդ խորհրդաժողովի արդյունքներով հռչակագիր է ընդունվել: Փաստաթղթում նշված է, որ Արգենտինան և Բրազիլիան ճանաչում են միջազգային խաղաղությանը և անվանգությանը հասնելու գործում ՄԱԿ-ի դերը և այդ կազմակերպությունը համարում են հարթակ, որն ունի համապատասխան լիազորություններ Ուկրաինայում տեղի իրադրությունը լուծելու համար:
Հռչակագրում արձանագրված է նաև, որ Մեքսիկայի դիրքորոշման համաձայն՝ Ուկրաինայի իրադրությունը նախարարների խորհրդաժողովի իրավասության շրջանակում չէ, ուստի երկիրը համաձայն է Արգենտինայի և Բրազիլիայի դիրքորոշմանը: Ամերիկայի պաշտպանության նախարարների խորհրդաժողովը տեղի է ունենում յուրաքանչյուր երկու տարին մեկ: