Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից գործազուրկ անձանց վերապատրաստման ու աշխատանքի տեղավորման հարցում կաջակցի պետությունը: Ծրագիրը եռաբաղադրիչ է. շահառուի մասնագիտական ուսուցում՝ մինչև 5 ամիս տևողությամբ, գործատուի մոտ 3 ամիս փորձի ձեռքբերում, կամ եթե, գործատուի կարծիքով, մասնագիտական ուսուցման ու փորձաշրջանի կարիք չկա, միանգամից աշխատանքի ընդունում և միանվագ փոխհատուցում:
Ժորա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Յուրաքանչյուր ամսվա ուսուցման համար պետության կողմից վճարվում է առավելագույնը 50 հազար դրամ:
Պետությունը նախատեսում է շահառուին ուսուցման ժամանակահատվածում տրամադրել նաև կրթաթոշակ՝ յուրաքանչյուր ամիս 34 հազար դրամ՝ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Ժորա Սարգսյան - Քանի որ ուսուցման պրոցեսում մեր շահառուն նաև այլ ծախսեր է ունենում, օրինակ՝ տրանսպորտային ծախսեր, ընդմիջման ծախսեր:
Դասընթացի ավարտից հետո գործատուն պարտավոր է առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել:
Ժորա Սարգսյան - Պայմանագիրը կնքելուց հետո էլ մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել գործատուին: Մեկ տարի շարունակ իր փոխարեն վճարում ենք հարկերը՝ ոչ ավելի, քան յուրաքանչյուր ամսվա համար 50 հազար դրամի սահմաններում:
Ծրագրի երկրորդ բաղադրիչով գործատուն կարող է ընտրել ոչ թե ուսուցման, այլ պրակտիկայի տարբերակը՝ փորձի ձեռքբերում իր մոտ:
Ժորա Սարգսյան - Այս պարագայում պրակտիկայի ժամանակահատվածը առավելագույնը 3 ամիս է: Պետությունը յուրաքանչյուր ամսվա համար կվճարի աշխատավարձ 68 հազար դրամի չափով և բոլոր հարկերը:
Պայմանը նույնն է՝ 3 ամիս անց պետք է 1 տարվա աշխատանքային պայմանագիր կնքվի: Եվ մինչև պայմանագրի ժամկետի լրանալը պետությունը կփոխհատուցի գործատուի հարկերը՝ առավելագույն 50 հազար դրամի չափով:
Ժորա Սարգսյան - Երրորդ ուղղությունը, երբ գործատուն գտնում է, որ մեր շահառուն ո՛չ պրակտիկայի, ո՛չ էլ սովորելու կարիք ունի, մենք գործատուին միանվագ աջակցություն ենք տրամադրում 300 հազար դրամի սահմաններում:
Եթե գործատուն աշխատանքային պայմանագիրը չկնքի 1 տարով կամ լուծի ժամանակից շուտ, պետությունը կկիրառի հետգանձման մեխանիզմներ: Ծրագրի մեկնարկը տրված է, կարող են դիմել և՛ շահառուները, և՛ գործատուները: Պատերազմի մասնակիցներից պահանջվում է հաշվառվել, ստանալ գործազուրկի կարգավիճակ: Այս տարվա համար նախատեսվել է ծրագիրն իրականացնել 200 շահառուի համար, բայց եթե դիմողները շատ լինեն, թիվը կավելացվի: