Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ասել է, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի տեղափոխումը Կիև «առաջին լավ քայլն է», սակայն ափսոսանք է հայտնել անհրաժեշտ տեխնոլոգիայի բացակայության համար, որը ստիպում է ուկրաինացի զինվորականներին «կուրորեն կրակել»։
«HIMARS-ը և ծանր հրետանին առաջին լավ քայլն են, բայց եթե չունենք տեխնոլոգիա՝ գտնելու թիրախները հրետանային հարվածների համար, ապա մենք պարզապես կուրորեն ենք կրակում»,- ասել է Գերաշչենկոն Newsweek-ին։
Ավելի վաղ ՌԴ-ում Լուգանսկի ներկայացուցչության ղեկավար Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել էր, որ Կիևը HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով խոցում է խաղաղ թիրախները՝ բնակչությանը վախեցնելու և թույլ չտալու հանգիստ պատրաստվել հանրաքվեին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի թիրախում է հայտնվել նաև Դոնեցկի Ելենովկա բնակավայրում գտնվող կալանավայրը, ինչի հետևանքով սպանվել է 47 ուկրաինացի ռազմագերի, 75-ը վիրավորվել են։
Ռազմական փորձագետ, հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում Դոնեցկի ներկայացուցիչ Սերգեյ Պերեվերզևը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ Դոնեցկում քաղաքացիական զոհերի թիվը ավելի քան կրկնապատկվել է ՆԱՏՕ-ի հեռահար և Точка-У մարտավարական հրթիռային համակարգերի կիրառման պատճառով: