Օպերային թատրոնում պատրաստվում են օգոստոսի 1-ին երևանյան մշակութային ամառվա ամենակարևոր իրադարձություններից մեկին՝ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետի նորամուտին: Աշխարհահռչակ բալետմայստեր Օլեգ Վինոգրադովը Երևանում առաջին բեմադրությունից 52 տարի անց վերադարձել է Երևան՝ բալետային ներկայացումների տասնյակ նոր ծրագրերով և ամենահամարձակ նախաձեռնություններով: Շնորհավորանքներին զուգահեռ փոխնախարար Արա Խզմալյանը փաստում է՝ թատրոնը վերելքի շրջանում է, և բարձր է գնահատում թատրոնի վերափոխման ընթացքը:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մեծագույն ուրախություն է տեսնել թատրոնի վերափոխումը, նրա ներքին ռիթմերի փոփոխությունը, և որ այն հասցվել է 21-րդ դար:
Կարեն Դուրգարյանը նախընտրում է նոր ծրագրերից ու ներկայացումներից դեռ չխոսել, արդեն հաջորդ տարվա համար նոր պատվերներ ու գործակցության ծրագրեր ունեն եվրոպացի գործընկերների հետ: Վինոգրադովը փորձերի և վարպետության դասերի ընթացքում երիտասարդներին նախապատրաստում է նաև միջազգային մեծ բեմերում ելույթներին, մրցույթներին մասնակցության ու բարդ խաղացանկի համար: Իսկ «Ռոմեո և Ջուլիետն» ընտրել են մի քանի պատճառներով, նախ՝ սիրո ամենագեղեցիկ պատմությամբ երիտասարդներին կգրավեն, ապա նաև այս բեմադրությունը յուրօրինակ կամուրջ է դեպի բալետային խաղացանկի գագաթնակետը:
Կարեն Դուրգարյան (Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար) - Այս ներկայացումը տրամպլին է լինելու դեպի մեր երազանքը՝ Չայկովսկու «Կարապի լիճը»:
Մարիինյան թատրոնի բալետային պարախմբի ղեկավարության 23-ամյա փորձով և իր անխախտ համոզմունքով, որ բալետը գեղեցկության խորհրդանիշն է, Օլեգ Վինոգրադովը վստահ է՝ հայկական պարախումբը կհասունանա «Կարապի լճի» համար, և ինքն այս խմբի հետ կիրականացնի հենց Մարիուս Պիտեպայի բեմադրությունը: Մեր բալետային խմբի ստեղծագործական ներուժը բարձր է գնահատում:
Օլեգ Վինոգրադով (բալետմայստեր, ՌԴ ժողովրդական արտիստ) - Հրաշալի թատերախումբ է, իսկ տղամարդիկ ուղղակի ապշեցուցիչ են, պետք է ամեն ինչ անել, որ նրանք հանկարծ չհեռանան երկրից, նրանք մարդիկ են, որոնց հետ ուզում եմ աշխատել: Այս ներկայացումը ստեղծվեց անհավատալի կարճ ժամանակում, և բառեր չեմ գտնում երախտագիտությունս հայտնելու համար:
Ի դեպ, հենց պրեմիերայի օրը՝ օգոստոսի 1-ին, Վինոգրադովի 85-ամյակն է, որը մեծ շուքով կնշեն Երևանում՝ արժանին մատուցելով բալետի կենդանի լեգենդին: