Ստեփանակերտում ավարտվել է Հայաստանի կոմպոզիտորների միության «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագրով համերգների շարքը: Արցախից առաջ երգահաններն ու երգիչները հանդես են եկել Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում:
Արամ Սաթյան (Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ)- Ինչո՞ւ հանուն խաղաղության, որովհետև երգը միշտ առաջ է տալիս, հնարավորություն է տալիս ճանաչելու: Գլխավոր նպատակը, իհարկե, որ սահմանամերձ գյուղերում, քաղաքներում մարդիկ չզգան, որ իրենք միայնակ են, մենք էլ ենք պայքարում: Մեր զենքը երաժշտությունն է, երգով մենք պայքարում ենք:
Համերգի ընթացքում եղել են պրեմիերաներ՝ հանդիսատեսն ունկնդրել է 2020-ի պատերազմի ժամանակ ծնված ստեղծագործություններ:
Էդմոնդ Մակարյան (կոմպոզիտոր) - Այսօր ներկայացվելու է երկու ստեղծագործություն, և երկուսն էլ նվիրված են Արցախին: Երկու դեպքում էլ կլինեն պրեմիերաներ, որոնցից մեկը կկատարի հենց արցախցի երիտասարդ երգչուհի:
Դաշնամուրի մոտ Հայաստանի ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանն է: 84-ամյա ջազմենն ուրախ է, որ կոմպոզիտորների միության համերգին նաև երիտասարդ ստեղծագործողներ են մասնակցում: Ասում է՝ սա լավ շփում է հանդիսատեսի հետ:
Մարտին Վարդազարյան (ՀՀ ժողովրդական արտիստ) - Ես գտնում եմ, որ բոլոր իրավիճակներում երգն ու երաժշտությունը թե օգնություն է, թե ոգեշնչում է և թե պատասխանատվություն է ստեղծագործողի կողմից, թե ինչպիսի երաժշտություն է հարկավոր ունկնդրին՝ չկորցնելով սեփական անհատականությունը, լինել ունկնդրի համար ընկալելի:
44-օրյա ռազմական գործողությունների ժամանակ է ծնվել նաև կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի «Պիտի ապրենք» ստեղծագործությունը: Կատարման ժամանակ նրան ընկերակցել են պատերազմի օրերին Հայաստանում ապաստանած և ձայնագրմանը մասնակցած արցախցի երեխաները: