Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել է, որ նախատեսել է «կարգապահական հետաքննություն» սկսել թուրք երկրպագուների նկատմամբ: Նման մտադրություն առաջացել է համացանցում հուլիսի 27-ին Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆեներբահչե»-«Դինամո Կիև» հանդիպման տեսանյութի հայտնվելուց հետո։ Կադրերում երևում է, թե ինչպես են թուրք երկրպագուները վանկարկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը, երբ խաղի 89-րդ րոպեին ուկրաինական թիմը հավասարեցնում է հաշիվը՝ դարձնելով 1:1: Ենթադրում են, որ այդկերպ նրանք փորձել են հոգեբանական ճնշում գործադրել ուկրաինացի ֆուտբոլիստների վրա:
Թուրքական ակումբը հայտարարել է, թե այդ վանկարկումները չեն արտահայտում ակումբի դիրքորոշումը, և կոչ է արել տարանջատել սպորտն ու քաղաքականությունը:
Չնայած խաղն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ ուկրաինական թիմի, թուրք ֆուտբոլասերների պահվածքի պատճառով ուկրաինական «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել էր մասնակցել խաղին հաջորդած մամուլի ասուլիսին։