Սեպտեմբերի 5-10-ը կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրայելյանի և Բրայան Մեյի կողմից, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության հաղորդակցությունը։
Queen խմբի համահիմնադիր, երաժիշտ, երգիչ, երգահան, աստղաֆիզիկոս և լուսանկարիչ դոկտոր Բրայան Մեյը հաստատել է իր ներկայությունը Հայաստանում` 2022 թվականի սեպտեմբերի սկզբին։ Նա առավել հայտնի է որպես Queen ռոք խմբի առաջատար կիթառահար և խմբի համար ստեղծված իր միջազգային հիթերով, ինչպիսիք են We Will Rock You, The Show Must Go On, Tie Your Mother Down, I Want It All, Too much love will kill you, Hammer to Fall, Save Me և Who Wants to Live Forever։
Դոկտոր Մեյը հայտնի է նաև որպես աստղաֆիզիկոս և գիտության հանրայնացմամբ զբաղվող մասնագետ։ 2020 թվականին Total Guitar ամսագրի կողմից նա ճանաչվել է Բոլոր ժամանակների լավագույն կիթառահար։
Չնայած Բրայան Մեյը նշանակալի դեր է խաղացել Rock Aid Armenia արշավում 1988 թվականին, որի ընթացքում նա անձամբ է հրավիրել համաշխարհային բազմաթիվ աստղերի (ինչպիսիք են Դեյվիդ Գիլմորը, Թոնի Այոմին) նախագծին միանալու և աջակցելու, ինքն անձամբ երբեք չի եղել Հայաստանում:
Բրայան Մեյը հանդիպել է աշխարհի առաջատար աստղաֆիզիկոսներից մեկին՝ Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի դոկտոր Գարիկ Իսրայելյանին 1998 թվականին: Տարիներ անց Իսրայելյանն օգնել է Մեյին ավարտելու իր թեկնածուական թեզը և ստանալու աստղաֆիզիկայի գիտությունների դոկտորի աստիճանը Լոնդոնի Կայսերական քոլեջում 2007 թվականին:
2011 թ. Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը նախաձեռնել են գիտության և արվեստի համագործակցության յուրահատուկ ձևաչափ, որի միջոցով գիտության հանրայնացման գաղափարը դարձել է գիտության հաղորդակցության համաշխարհային հիանալի փառատոն՝ համախմբելով մոլորակի ամենափայլուն դեմքերին:
Մինչ օրս անցկացվել է հինգ փառատոն (Իսպանիայում, Նորվեգիայում և Շվեյցարիայում), իսկ վեցերորդը կանցկացվի Հայաստանում՝ սեպտեմբերին:
Բրայան Մեյը կլինի Հայաստանում այս աշնանը STARMUS VI փառատոնի ընթացքում՝ գլխավոր բեմից հանդես գալու համար:
STARMUS VI Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների, ինչպիսիք են Ռիկ Ուեյքմանը, Սերժ Թանկյանը, Sons of Apollo խումբը, Անդրեյ Մակարևիչը, Տիգրան Համասյանը:
STARMUS VI փառատոնի մասին
STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում: Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անցկացվելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին:
Հատկանշական է, որ «Մարս 3-ը» տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։ STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։