Հեպատիտի խնամքն ավելի մոտեցրեք ձեզ. վիրուսային հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվա այս տարվա կարգախոսն է: Իրազեկման արշավներից՝ մինչև սքրինինգային ծրագրեր. Մեր երկրում հեպատիտի դեմ պայքարի նպատակով մի շարք ծրագրեր են իրականացվում:
Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Վերջին հինգ տարիների ընթացքում արդեն ունենք սուր հեպատիտ Բ-ով հիվանդացության նվազում վեց անգամ, Ց-ով 3 անգամ:
Նարինա Սարգսյանց (ՀՀ ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու) - Վիրուսային հեպատիտ Բ-ն և Ց-ն հանդիսանում են հիմնական պատճառը աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, լյարդի ցիռոզի և լյարդի առաջնային ուռուցքի, որը կոչվում է հեպատոցելյուլյար կարցինոմա:
Մասնագետների խոսքով՝ հեպատիտները 80 տոկոսով ընթանում են առանց ախտանշանների: Հայտնաբերվում են հիմնականում բարդացած փուլում: Ուստի ժամանակին ախտորոշումը կկանխի հետագա սրացումը:
Ռոմելլա Աբովյան - Հեպատիտ Բ-ն ու Ց-ն տարածվում են արյան միջոցով տարբեր բժշկական միջամտությունների ժամանակ, եթե ոչ պատշաճ մանրէազերծված գործիքներ են կիրառվում, կարող է մեկ պացիենտից մյուսին փոխանցվել վարակը: Նաև արյան փոխներարկման ընթացքում կարող են, եթե արյունը վարակված է, վարակել պացիենտին: Ունենք փոխանցման սեռական ճանապարհը:
Հայաստանում Վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-23 թվականների ռազմավարությամբ ստեղծվել է տվյալների բազա, որի հիման վրա իրականացվում են վերլուծություններ, բացահայտվում հիմնական ռիսկի գործոնները:
Ռոմելլա Աբովյան - Բոլոր բժշկական կազմակերպություններում ռիսկի խմբում գտնվող անձինք հետազոտվում են հեպատիտ Բ-ի և Ց-ի նկատմամբ, ինչը հնարավորություն է տալիս առանց կլինիկական ախտանշանների պացիենտներին հայտնաբերել և համապատասխան բուժման ծրագրում ներառել: Պետք է նշեմ, որ նաև գործում է այս ծրագրի շրջանակներում հեպատիտով պացիենտների բուժման ծրագիրը:
Նարինա Սարգսյանց - Միայն անցյալ տարի միգրանտների շրջանում, քաղաքաբնակների, գյուղաբնակների առողջության պահպանման առաջնային օղակում տարբեր ծրագրային սքրինինգային հետազոտություններով մոտ 30-հազարից ավելի մարդ է ստուգվել:
2020-ից Հայաստանում մեկնարկել է ուղիղ ազդեցության հակավիրուսային դեղերով հեպատիտ Ց-ի բուժման ծրագիր: Դեղերը տրամադրվում են անվճար: Ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր տարի առնվազն քրոնիկ հեպատիտ Ց-ով 1000 պացիենտի բուժել: Այս տարի 517-ն արդեն բուժվել է: Նախատեսվում է բուժման փոփոխություն:
Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումային գործընթացը մեր երկրում ներդրվել է 1999 թվականին, արդեն դրական արդյունքներ կան:
Ռոմելլա Աբովյան - Մենք չունենք մինչև 18 տարեկան երեխաների շրջանում հեպատիտ Բ-ով արձանագրված դեպքեր, նաև հեպատիտ Բ-ն այս տարիների ընթացքում մինչև 14 տարեկանների շրջանում նվազել է շուրջ 140 անգամ:
Երևանում և բոլոր մարզերում ստեղծվել են միջգերատեսչական հանձնաժողովներ, որոնք ամեն տարի վերհանում են հիմնական խնդիրները, որոնց հիման վրա պայքարի նոր ծրագրեր են մշակվում: