Ավտոյի հոգին դուրս է գալիս՝ դժգոհում են Սպիտակի ոլորաններով անցնող վարորդները։ Զարմացած են․ երկրի գրեթե բոլոր հիմնական ճանապարհների ասֆալտը թարմացվել-թարմացվում է, բացի միջպետական այս կտորից։
Վարորդ - Ամեն ինչն էլ փչանում ա սենց ճանապարհին․ ճանապարհ կա՝ լավ ա, ճանապարհ կա՝ սենց ա։ Բայց դե, սա պիտի սարքած լինեին էլի,ամառը վերջանում ա:
Անտանելի ա, պետությունը մարդկանցից մենակ հարկ տուրք ա ուզում, էս ա՞. ճիշտ չի սա:
Այս գծում մեքենայատերերն այնքան նյարդային են՝ շատերը չեն էլ նկատում, որ մոտ կես ամիս է՝ տարածքում շինարար է հայտնվել ու սկսել՝ Լոռվա ցուցանակից ներքև՝ պատի տակով նոր սելավատար տեղադրել։
Մարտուն Գրիգորյան («Ճանապարհ» ընկերության աշխատակից) - Ջրատարն ա, որ ասֆալտի վրից ջուրը գա, լցվի սարի մեջ ու էնտեղ կալոդեցներ կան, դրանցով հեռացվում ա:
Աշխատանքներն իրականացնողը՝ «Ճանապարհ» ընկերությունն է։ Այս կազմակերպությունն է բյուջեից հատկացված 1 մլրդ 348 մլն դրամով ստանձնել Սպիտակի ոլորանների հիմնանորոգումը։ Կողային առուների հետ հողի ու քարե հենապատերն են այս փուլում կարգի բերում, նորոգում արհեստական կառուցվածքները՝ ասում է տեղամասի պետը։
Էդուարդ Վերմիշյան («Ճանապարհ» ընկերության տեղամասի պետ) - Մոտավոր մի շաբաթ, 10 օրից կսկսենք ասֆալտի աշխատանքը՝ ցեմենտի աշխատանքը: Ամբողջական է փոխվելու. 90 հազար քառակուսի մետր ա՝ 7,5 կմ-ի վրա:
Ասֆալտի ներկա շերտը՝ մոտ 20 տարվա է, դրա համար է այսքան քայքայված՝ պնդում է աղբյուրի մոտ խաշած եգիտպացորեն վաճառող Ավետիքը։ Կարկատան գուցե արել են, բայց ընդհանուրը Լինսի ծրագրով է կառուցվել, ճիշտ այն ժամանակ, երբ ինքը սկսում էր բիզնեսը։
Ավետիք Եղիազարյան - էն ներքևի մասն արել են Ջրաշենի, բայց վերևը չեն արել, 20 տարի կլինի՝ չեն արել: Հա, էսի չեն արել:
Ոլորաններ նորոգելը հեշտ չէ․ ասֆալտը՝ բարդ թեքություն ունի, շրջադարձերը շատ են, լայն: Միջինում 9,5 մետր, որը կորերի վրա տեղ-տեղ կհասցվի մինչև 12 մետրի։ Աշխատանքը մեծածավալ է, հավանաբար դրա համար է հիմնանորոգումն այսքան ձգձգվել՝ ենթադրում է ճանապարհաշինարարը։ Վստահեցնում․ չնայած մրցույթը շուտ էին շահել, պայմանագիրը վերջերս է կնքվել, այնպես որ՝ չէին կարող գործը գարնանից սկսել։ Կարևոր ուղղություն է․ գուցե ավելի մեծ բրիգադով ավելի արագ աշխատեն: Քննադատությանը հակադարձում է․ ամռան եռուզեռին, երբ մեքենաների հոսքը շատ է․․․ Ճանապարհի եզրերի հետ միաժամանակ եթե նաև ասֆալտն անեն․․․ Խցանումն անխուսափելի է։ Այդ պատճառով էլ ստիպված են աշխատանքը գրաֆիկով առաջ տանել։ Վարորդներից առավել համբերատարները կատակում են, թե՝ փոսերի տեղն արդեն անգիր են արել․ նորոգելուց հետո կդժվարանան քշել:
Սպիտակի ոլորանները, որոշված է, հիմնանորոգվելու է սառը վերամշակման մեթոդով․ ճանապարհի այժմյան շերտն աղալու են, ցեմենտ-ջուր խառնեն, փռեն որպես հիմք, թողնեն 4-5 օր չորանա, հետո արդեն վրայից երկու անգամ, ընդհանուր 10 սմ-անոց նոր ասֆալտ փռեն։ Այդպես այն պետք է որ ալիք չտա, երբ թեքության վրա արգելակեն նաև ծանրաքարշ բեռնատարաները։
Էդուարդ Վերմիշյան («Ճանապարհ» ընկերության տեղամասի պետ) - Փորձված տարբերակ ա, որ բան չլինի: 10 տարի տալիս ենք. ամուր հիմք է, որի վրա երկշերտ ասֆալտբետոնն ա գալիս:
Ըստ պայմանագրի՝ ճանապարհաշինարարը Սպիտակի ոլորաններում նախատեսված բոլոր աշխատանքները՝ հարդարում-երթևեկության նշանների տեղադրումով հանդերձ, պետք է ավարտի տարվա վերջին։ Վարորդներին, սակայն, խոստանում են․ նոր, հարթ ասֆալտը շահագործման պատրաստ կլինի սեպտեմբերի վերջին։