Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի հետ այցելել է Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան և տնօրեն Արևհատ Ամիրյանի օգնությամբ ծանոթացել թանգարանի շուրջ ստեղծված կացությանը։ Այդ մասին ասված է Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«Տուն-թանգարանը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հաշվեկշռում, համարվում նրա մասնաճյուղը։ 2006 թվականին ՀՀ և ՌԴ վաստակավոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանը հայրական տունը նվիրաբերել է պետությանը` իր և ՀՀ ժողովրդական նկարիչ, հայտնի քանդակագործ (իր եղբայր) Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան դարձնելու նպատակով: Սակայն 2016 թվականից սկսված նորոգումը կիսատ մնաց, ու թանգարանը փաստացի չի գործում։
Այս շենքում է Զաքար Խաչատրյանը 1961 թվականին հիմնադրել Սիսիանի մանկական արվեստի ստուդիան, որը Կոջոյանի և Մերկուրովի արվեստի ստուդիաներից հետո երրորդն էր հանրապետությունում»,- նշված է գրառման մեջ: