Հուլիսի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան շքադահլիճում տեղի է ունեցել Դմիտրի Խմելյովի անձնական հավաքածուից խորհրդային նավատորմի լեգենդար ծովակալ, Խորհրդային Միության հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի՝ ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» թանգարանին փոխանցման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի և ՌԴ ԶՈՒ Կենտրոնական թանգարանների, Սամարայի կայազորի Կ.Ե. Վորոշիլովի անվան Սպայի տան ներկայացուցիչներ, դիվանագետներ, դեսպանատան աշխատակիցներ։
Ողջույնի խոսքում ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Դմիտրի Խմելյովին՝ շեշտելով Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների ականավոր դեմքերի ու հերոսների հիշատակի պահպանության կարևորությունը։ Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն անդրադարձել է ծովակալ Իսակովի ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիների, այնպես էլ հետպատերազմյան շրջանի գործունեությանը։
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, գեներալ-մայոր Արմեն Լալայանը, Դմիտրի Խմելյովը, խորհրդային և ռուսաստանյան ռազմական գործիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը և ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Վալերի Լապինը։
Փոխանցված իրերի թվում են լուսանկարներ, Խորհրդային Միության եռակի հերոս Սեմյոն Բուդյոննու, Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի և ուրիշների շնորհավորական հեռագրերը։ Վերջին շրջանում այդ իրերը պահվում էին Սամարայի կայազորի թանգարանում։