Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձավ դատարանում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին:
«Քրեակատարողական հիմնարկում չի եղել բժշկական թեկուզ մեկ խնդիր, որը տեղում չի լուծվել նրա հետ կապված: Այսինքն` չեն եղել լուրջ խնդիրներ, լուրջ բողոքներ, որպեսզի վերանայվի նաև խափանման միջոցը»,- ասաց նախարարը:
Անդրեասյանի խոսքով՝ կալանավայրում եղած առողջապահական ռեսուրսը բավարար է, որ ոչ մի ազատազրկված անձ չունենա առողջական խնդիր:
«Այլ խնդիր է, որ ցանկացած ողբերգություն պետք է նաև ազդակ լինի բոլոր մարմիններին, այդ թվում` դատարաններին, էլ ավելի ուշադիր նայել, երբ բողոքներ կան ազատազրկված անձանցից, որպեսզի ուշադիր լինեն այդ բողոքներին: Միևնույն ժամանակ, ես հույս ունեմ, որ առանձին մարդիկ չեն շահարկի կամ չարաշահի որևէ դեպք, ողբերգություն, որպեսզի կեղծ առողջական խնդիրների անվան տակ փորձեն խուսափել արդարադատությունից»,- նշեց նախարարը: