Մոլդովայի խորհրդարանը հավանություն է տվել երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս 60 օրով երկարաձգելուն՝ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն: Նրա խոսքով՝ որոշման նախագծին կողմ է քվեարկել 52 պատգամավոր:
Վարչապետ Նատալյա Գավրիլիցան նշել է, որ արտակարգ իրավիճակների հանձնաժողովը իրավունք կստանա անհրաժեշտության դեպքում որոշումներ ընդունել՝ առանց խորհրդարանին դիմելու, որը պետք է օգոստոսին արձակուրդ գնա:
Կառավարության ղեկավարը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայից փախստականների նոր ալիքի վտանգ կա: Գավրիլիցան նաև ընդգծել է գազի մատակարարումների դադարեցման կամ ծավալների կրճատման, պարենային անվտանգության և ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների ռիսկերը:
Մոլդովայի իշխանությունները երկրում արտակարգ դրության ռեժիմ էին սահմանել փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում իրադրության պատճառով: