Հյուսիսային Կորեան լիովին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ցանկացած ռազմական բախման։ Այդ մասին հայտարարել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը Կորեական պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ իր ելույթում՝ փոխանցում է Yonhap գործակալությունը:
«ԱՄՆ-ը սխալմամբ մեր ամենօրյա գործողությունները սադրանքներ և սպառնալիքներ է որակում, սակայն ինքն է լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնում, որոնք լրջորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը»,- ասել է Կիմը։
Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ի զինված ուժերը լիովին պատրաստ են արձագանքելու ցանկացած ճգնաժամի, միջուկային զսպման ուժերը նույնպես կարող են գործել ճշգրիտ և արագ:
ԿԺԴՀ-ի ղեկավարը նաև նշել է, որ Հարավային Կորեայի բանակը կոչնչացվի Հյուսիսային Կորեայի վրա հարձակման փորձի դեպքում: