«Շիրակի պետական համալսարանի» հասարակայնության հետ կապերի կենտրոնը մեկնարկում է աննախադեպ բանահավաք ծրագիր՝ «Նշխարներ Շիրակից»: Ծրագրի մասնակից խմբի անդամները շրջում են Շիրակի մարզկենտրոնից հեռու գյուղական համայնքներում, հանդիպում բնակիչների հետ, քաղում բանահյուսական պատառիկներ, դրանք գրի են առնում, հետո մշակում ու համակարգում։
Հովիկ Մելքոնյան (ծրագրի ղեկավար, ՇՊՀ-ի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն) - Պատմական որոշակի փուլերում ազգ-ժողովուրդը անհրաժեշտություն է ունենում վերարժևորելու իր արժեքները, նշխարները հավաքելը, համակարգելը, ներկայացնելը և արդյունքում վերարժևորելը նորովի։ Սա կօգնի պարզելու՝ ով ենք մենք, ուր ենք գնում ու ինչ պետք է մեզ հետ տանենք։
Երգեր, պարեր, ծեսեր, հավատալիքներ, անեկդոտներ, հին ու նոր տարբեր պատմություններ, նախապաշարմունքներ քարի ու ժայռի, աղբյուրի ու ծառերի մասին՝ պատմում են շիրակցիները։
Կարինե Սահակյան (ծրագրի մասնակից, ՇՊՀ հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ) - Որոշել ենք գրի առնել ծիսատոնական կենցաղը, սովորույթները, հոգեբանությունը, հմայական բանահյուսություն, աղոթքներ, երդումներ, մաղթանքներ, առածաբանություն, դարձվածաբանություն, կշտամբանքի խոսք։ Իհարկե, ամբողջը այս ծրագրի շրջանում չէինք կարող, բայց կուզենայինք գրառել վերջին մոհիկանների խոսքը, կազմել քարտեզ, որևէ գյուղի բրենդը ավելի յուրային դարձնել։
Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն» դրամաշնորհային ծրագրով: Կհավաքվի և կտարածվի Շիրակի մարզի ոչ նյութական մշակութային ժառանգությունը: Աշխատանքներում կներգրավվեն հիմնականում երիտասարդներ:
Հովիկ Մելքոնյան - Աշխատանքային խմբի քննարկման արդյունքում ընտրվեցին երեք խոշորացված համայնքներ և աշխատանքները տարբեր գյուղերում, ընդ որում՝ յուրաքանչյուր համայնք՝ երեք այցելություն։ Խումբը երբ ներկայանում է, ներկայացնում է իր նպատակը, խնդիրները, ըստ այդմ՝ առանձնացվում են խմբի աշխատանքի մասնակիցները։ Որոշակի օրինաչափություններ կան. ինչքան հեռու Գյումրիից, այնքան ավելի պահպանողական է ժողովուրդը և ավելի անխաթար է պահպանել ավանդույթները:
Շիրակի գյուղական բնակավայրերը ժողովրդական բանահյուսության հարուստ շտեմարաններ են։ Հացի, ջրի պաշտամունքին, կենցաղավարման ծեսերի տարբեր դրսևորումներին կարելի է հանդիպել Աշոցքի, Ամասիայի, Անիի, Ախուրյանի և Արթիկի տարածաշրջանների համայնքներում, որոնց բնակիչները, գաղթելով Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից, մինչ օրս սրբորեն պահպանում են դրանք:
Կարինե Սահակյան - Տոնի ծեսի փոխանցումը հաջորդ սերնդին կարծես հարթ չէ, տոնածիսական կենցաղը փոքրացել է։ Անպայման կկարողանանք մեր ժողովրդից գրի առածը վերադարձնենք ժողովրդին:
Ծրագրի արդյունքում կտպագրվի 3 գիտական հոդված՝ ՇՊՀ գիտական հոդվածների տեղեկագրում, կպատրաստվի 5 մեդիակոնտենտ, 2 տեսաֆիլմ և ուղեցույց-ձեռնարկ:
Կարինե Սահակյան - Մշակույթի նախարարությունը բացառիկ հոգատարություն է դրսևորում: Ակցիայի նման, մենք նաև մի այլ ծրագիր կիրականացնենք «տան սրբեր» գրքի պաշտամունքի հետ կապված և Ավետարանների, նարեկապաշտության հետ: Կային գյուղեր, որ գրքերի հետ սնկային հիվանդությամբ են տառապում, հին հավատալիքով չեն կարող շարժել գիրքը։ Դա մեր հոգածության ներքո է, որ փրկենք գրքերը, նորից իրենց սահմաններում մնան, բայց գիրքը դարձնեն տեսանելի և դարձնեն բրենդ:
«Նշխարներ Շիրակից» ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, սերունդների միջև մշակութային հաղորդակցման իրականացմանն ու արժեհամակարգի փոխանցմանը։