Կալանավորված անձանց խափանման միջոցի, կալանավորման կամ ազատ արձակման հետ ո՛չ Արդարադատության նախարարությունը, ո՛չ Կառավարությունը կապ չունեն, պատասխանատուն դատական իշխանությունն է՝ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ընդդիմադիր թևի ներկայացուցիչների խափանման միջոցի փոփոխություններին:
Նախարարը կալանքը գրավով փոխարինելու պրակտիկայի ավելացումը, այդուհանդերձ, դրական է համարել: Խոսելով ազատազրկված անձանց առողջական վիճակից՝ Անդրեասյանը վստահեցրել է, որ բժիշկների ուշադրությունից ոչ ոք դուրս չի մնում:
Արդարադատության նախարարն անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին:
«Հիմա հանձնաժողովն ակտիվ աշխատում է մարզերում և Երևանում տարբեր հանդիպումների շրջանակով: Հանձնաժողովի անդամները կհավաքեն ամբողջ խնդիրները և նաև լուծումները ու սեպտեմբերից կսկսեն ուղիղ եթերում ներկայացնել խորհրդին, մեզ, ձեզ, բոլորիս, և հատ առ հատ մենք այդ բոլոր խնդիրներին կանդրադառնանք: Ժամկետներ չեմ կարող խոստանալ, կախված է, թե ինչ դինամիկա ու ինչ պրոցես կունենանք այդ աշխատանքներում»,- նշել է Կարեն Անդրեասյանը: