Նախատեսվում է պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն ընձեռել 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին:
«Որոշման նախագծի ընդունման դեպքում 526 զինծառայողի կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Որոշման նախագծով՝ ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ՌՈՒ ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին ՌՈՒ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»,- կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, անդրադառնալով հարցին, ասաց. «Կառավարության այս որոշման նախագիծը վերաբերում է զինծառայողների համար արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորման ծրագրին, որի դեպքում ձեռք բերվող բնակարանների մայր գումարի 10 տոկոսը և վարկի 7 տոկոս կազմող տոկոսադրույքի 3 տոկոսը սուբսիդավորվում են պետության կողմից: Ուզում եմ նաև տեղեկացնել, որ 2022թ. սույն ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող:
Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ տեղեկանք է տրվել 492 զինծառայողի, իսկ այս որոշման նախագծի ընդունման դեպքում՝ մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանքը: Նախագծի ընդունմամբ կարող ենք փաստել, որ բոլոր հաշվառված 1018 զինծառայողները հնարավորություն կունենան օգտվելու արտոնյալ պայմաններում հիպոթեքային վարկավորումից»: