ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական աշխատանքային այցն են կատարել Լոռու մարզի մի շարք հուշարձաններ՝ ծանոթանալու Հաղպատ վանական համալիրի խնդիրներին, ինչպես նաև 2022 թ․ պետական բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքը վերահսկելու և առաջացած խնդիրները տեղում ուսումնասիրելու նպատակով։
Լոռու մարզի Հաղպատ վանական համալիրը տեղակայված է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրի հետ այն գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում: Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել է X-XIII դդ. Հաղպատ վանական համալիրի առկա խնդիրներին:
Մասնավորապես՝ հրատապ լուծում է պահանջում համալիրի արևմտյան պարսպապատի աշտարակների վերականգնումը, որոնցից հյուսիսայինը գտնվում է վթարավտանգ վիճակում, առկա են 5-8 սմ ճաքեր ամբողջ բարձրությամբ, ինչը հետևանք է վերջերս տեղի ունեցած երկրաշարժի: Քննարկման արդյունքում որոշվել է միջոցներ ձեռնարկել վերականգնման աշխատանքների իրականացման համար (Հաղպատ վանական համալիրի պարսպապատի աշտարակի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքների նախագիծ):
Ալավերդի համայնքի Սանահին վանական համալիրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում աշխատանքային խումբը ծանոթացել է վերականգնման աշխատանքների ընթացքին և քննարկել արևմտյան խաչթևի ծածկասալերի հեռացման արդյունքում ի հայտ եկած խնդիրները, մասնավորապես՝ ծառարմատների ազդեցությամբ պայմանավորված հարթ երեսապատի խոշորածավալ քարերի շարվածքից դուրսմղման դեպքերը, ինչը լրացուցիչ լուծումներ է պահանջում:
2022 թ. ընթանում են նաև ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ ամրոցի պարսպի հյուսիսարևելյան հատվածի ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները:
Աշխատանքային խումբը ծանոթացել է այս տարի պատվիրված պարսպապատի և աշտարակների վերականգնման աշխատանքների ընթացքին, քննարկել քաղաքատեղիի բաղնիքների պեղման արդյունքում բացված բացառիկ hիպոկաուստ համակարգի (հռոմեական ջեռուցման համակարգ) ցուցադրման առավել մատչելի հնարավորությունները, պեղված հատվածների վերականգնման և ամրակայման հնարավորությունները:
Այցին ներկա էին նաև վերականգնման աշխատանքներ, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: