ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ:
Հիշյալ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ թաղամասի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքում տեղի ունեցող ծեծկռտուքի և կրակոցների, ինչպես նաև «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից 36-ամյա կնոջ և 49-ամյա տղամարդու՝ մարմնական վնասվածքներով բժշկական օգնության տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումները ստացվել են 2022 թ. հուլիսի 28-ին։
Հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (2 դրվագ), 334-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիվանդանոց տեղափոխված անձինք ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։
Իրականացված վարութային և քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են նշված անձանց` վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ 49-ամյա տղամարդը հիշյալ վնասվածքն ստացել է անծանոթ անձի հետ վիճաբանության ընթացքում, ինչը նկատելով՝ նրա կինը փորձել է միջամտել վիճաբանությանը, սակայն ամուսնու հետ վիճաբանող անձը հարվածներ է հասցրել նաև նրան, իսկ երբ ամուսիններն արդեն գտնվել են հիվանդանոցում, նույն անձը վերադարձել է դեպքի վայր և կրակոցներ արձակել։
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր և АК-74 ինքնաձիգի կրակված պարկուճներ։ Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։
Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: