Դիվանագետի բարդ ու պարտավորեցնող ուղին բռնած երիտասարդների համար օրը թե՛ հիշարժան է, թե՛ խորհրդանշական: Դիվանագիտական դպրոցի շրջանավարտների վկայագրերի հանձման արարողությանը մասնակցում է ոչ միայն երկրի գլխավոր դիվանագետը, այլև անձամբ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր կառույցներից մեկի նախագահը:
Աշխարհի ամենափոքր պետություններից մեկի՝ Մալդիվների դիվանագիտական բոլոր օղակներով անցած ու այժմ աշխարհի ամենամեծ կազմակերպության՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Աբդուլա Շահիդը վստահ է՝ երիտասարդների նվիրվածությունն ու էներգիան չափազանց կարևոր են ժամանակակից աշխարհի ապագայի համար:
Աբդուլա Շահիդ (ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ) - Այսօր աշխարհում մեկ միլիարդ ութ հարյուր միլիոն երիտասարդ կա և սա երիտասարդ բնակչության ամենամեծ թիվն է, որ երբևէ եղել է: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երիտասարդներին հնարավորություն տանք ներգրավվել մեր այսօրվա կյանքում: Բազմաթիվ են դեպքերը, երբ նրանք ապացուցել են, որ իրենք ի վիճակի են պաշտպանել իրենց իրավունքները և դիմակայել ժամանակակից մարտահրավերներին: Հաջողություն եմ մաղթում շրջանավարտներին: (ավարտել անգլերեն իր խոսքով)
Դիվանագետների գլխավոր դարբնոցը համարվող Հայաստանի դիվանագիտական դպրոցը գործունեության 13 տարում մոտ երկու հարյուր շրջանավարտ է ունեցել, նրանց զգալի մասը դարձել է դիվանագետ, համալրել մեր արտաքին քաղաքական ծառայության շարքերը։ Արտգործնախարար Միրզոյանը համոզված է՝ անկախ հանգամանքից, թե շրջանավարտներից քանիսը կհամալրի Հայաստանի դիվանագետների շարքերը, և քանիսը կշարունակի ճանապարհն այլ ուղղությամբ՝ նրանք բոլորը նպաստելու են հանրային կյանքի տարբեր ոլորտների առաջմղմանը։
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Որքան էլ որ ներկայիս աշխարհը փոփոխական է և անակնկալներով լի, անփոփոխ է մնում մեկ բան․ ցանկացած նախաձեռնության և գործի հաջողության հիմքում ընկած է առաջատար գիտելիքներով, հմտություններով ու կարողություններով զինված մարդը: Իրապես, ձեր կյանքում ևս մեկ կարևոր բարձունք այսօր նվաճեցիք։
Աշխարհում տեղի ունեցող բեկումնային փոփոխությունները, մեր տարածաշրջանում տիրող իրադրությունը մեծ մարտահրավերներ են առաջ բերում՝ ասում է արտգործնախարար Միրզոյանը, հավելում՝ այս ամենը, սակայն, ճկուն միտք, նորարարական մոտեցում և աննկուն կամք ունեցող դիվանագետի համար նաև ինքնադրսևորվելու մեծ հնարավորություն է։