Գավառում շինարարական ակտիվություն է: Ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքները: Հիմնովին բարեկարգվում է Գավառի առաջնորդանիստ Սուրբ Ստվածածին եկեղեցու բակի 1200 քմ տարածքը:
Տեր Պարթև վարդապետ Բարսեղյան (ՀԱԵ Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ) - Եկեղեցու շրջաբակը վաղուց կարիքն ուներ բարեկարգման, որպեսզի վայելուչ կերպով ներկայանար մեր ազգաբնակչությանը, քանզի մեր գավառցիների կողմից Սբ Աստվածածին եկեղեցին ամենասիրելի սրբավայրերից մեկն է, իրենց ամենասիրելի աղոթատունն է։ Եվ ցանկալի է, որ հավատացյալները երբ այցելում են եկեղեցի, այն ներկայանա վայելուչ կերպով։
Եկեղեցու տարածքի սալիկապատման աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2021 թվականին: 24 մլն 752 հզ դրամ արժողությամբ ծրագրում համայնքի ներդրումը կազմում է 55%, 45%-ն էլ հատկացվել է պետական բյուջեից:
Գրիգոր Դաշտոյան (Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ) - Որպես քաղաքի դեմք, որպես մարզկենտրոն, մենք առաջնահերթությունը տվել ենք Սբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգմանը։
Իսկ ահա Ազատության 2 փողոցի բազմաբնակարան բնակելի շենքերի փոքրիկները մինչև տարեվերջ նոր խաղահրապարակ կունենան: Խաղահրապարակի կառուցումը ևս 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շարունակությունն է:
Գրիգոր Դաշտոյան - Աշխատանքները մեկնարկել էին անցյալ տարի, սակայն որոշակի թերություններ Գավառի համայնքապետարանը արձանագրեց։ Մասնավորապես, շինարարական աշխատանքները չէին համապատասխանում սահմանված չափորոշիչներին։ Ցանկապատվել է տարածքը, տեղադրվել են նստարաններ, կանաչապատվելու է, նաև իրականացվելու է ծառատունկ։
Խաղահրապարակի կառուցման համար հատկացվել է 24 մլն 769 հզ դրամ: Գումարի 55 %-ը դարձյալ համայնքի ներդրումն է, 45 %-ը՝ Կառավարության: Խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերով բարեկարգվում կամ կապիտալ հիմնանորոգվում են ենթակառուցվածքներ և համայնքային ենթակայության կրթամշակութային հաստատություններ:
Հեղինակ` Անահիտ Կարեյան