ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ԲԼԻՆՔԵՆ-ԼԱՎՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար պատրաստ է աջակցել ցանկացած դիվանագիտական ջանքերի։
«Ցավոք, Մոսկվան որևէ կերպ ցույց չի տալիս, որ պատրաստ է բովանդակալից և կառուցողական քննարկումների, պատրանքներ չունենք, թե այդ դիրքորոշումը շուտով կփոխվի»,- նշել է նա։
Պետքարտուղարն անդրադարձել է Կիևի պահանջին՝ Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների ամերիկյան ցանկում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը չի կարծում, թե այդ նախաձեռնությունը գործնական ազդեցություն կարող է ունենալ։
Բլինքենը նաև տեղեկացրել է, որ մտադիր է մոտ ապագայում փետրվարի 24-ից հետո առաջին անգամ զրուցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Ակնկալում եմ, որ կխոսենք հացահատիկի արտահանման գործարքի իրականացման ընթացքի, ինչպես նաև Ռուսաստանում կալանքի տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիներին ազատ արձակելու հնարավորության մասին: Կիևի վերաբերյալ որևէ քննարկում չի լինելու: Ուկրաինայի ապագայի մասին ցանկացած որոշում պետք է կայացնեն այդ երկրի կառավարությունը և ժողովուրդը», - վստահեցրել է Բլինքենը։
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Էնթոնի Բլինքենի և Սերգեյ Լավրովի զրույցի մասով Մոսկվան Վաշինգտոնից հարցում չի ստացել։
ԲԱՅԴԵՆԸ ԿՀԱՍՏԱՏԻ, ՈՐ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է «ՄԵԿ ՉԻՆԱՍՏԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նախատեսվող հեռախոսազրույցի ընթացքում կհաստատի, որ Վաշինգտոնը հավատարիմ է «Մեկ Չինաստան» սկզբունքին՝ հայտնում են Սպիտակ տնից:
Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին անդրադարձել է նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցին: Նա շեշտել է՝ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի կոնգրեսականը:
Ավելի վաղ՝ Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ երկրի ժողովրդական ազատագրական բանակը պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Փելոսին առանց Պեկինի համաձայնության այցելի Թայվան։
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ
Տեղի է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի հեռախոսազրույցը: Կողմերն անդրադարձել են միջուկային ծրագրի և հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ զարգացումներին։
«Իրանը ցանկանում է երկարաժամկետ գործարք կնքել։ Եթե Վաշինգտոնն էլ ցանկանա լուծումներ գտնել, ապա բոլոր կողմերի համար շահավետ համաձայնության կհասնենք։ Թեհրանը ողջունում է բանակցությունների շարունակումը», - նշել է իրանցի դիվանագետը։
Միջուկային ծրագրին է անդրադարձել նաև Ջոն Քիրբին. «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման բանակցությունները գրեթե ավարտված են: Այժմ Իրանը պետք է որոշի՝ ցանկանում է համաձայնել գործարքին, թե՞ ոչ»,- ընդգծել է պաշտոնյան։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կպաշտպանի իրեն և իր դաշնակիցներին Իրանից բխող սպառնալիքներից և դիվանագիտական միջոցներ կկիրառի՝ թույլ չտալու Թեհրանին միջուկային զենք ստանալ:
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԼՔԵԼ ԵՆ ԻՐԱՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՇԵՆՔԸ
Լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրաքի խորհրդարանը գրաված ցուցարարները լքել են Ներկայացուցիչների խորհրդի շենքը։ Ուժային կառույցներն աստիճանաբար վերականգնում են վերահսկողությունը խորհրդարանական համալիրի նկատմամբ։
Ավելի վաղ՝ Շիա հոգևոր առաջնորդ Մոքթադա ալ-Սադրի հարյուրավոր աջակիցներ գրոհել էին երկրի խորհրդարանը: Ակցիայի մասնակիցները դեմ են Իրաքի վարչապետի պաշտոնում Մուհամմեդ Շիա ալ-Սուդանիի առաջադրմանը, նրանք նաև բողոքոել են, որ երկիրն առանց նոր կառավարության է արդեն 290 օր:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ իրաքցի պաշտոնյաները լքել են խորհրդարանի շենքը։ Բաղդադից բացի բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Իրաքի այլ բնակավայրերում։