ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ նախատեսվող հեռախոսազրույցի ընթացքում կհաստատի, որ Վաշինգտոնի «մեկ Չինաստան» սկզբունքը չի փոխվել: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
«Ես վստահ եմ, որ այս կամ այն ձևով նախագահը կհաստատի, որ «մեկ Չինաստանի» քաղաքականությանն ԱՄՆ հանձնառության մեջ ոչ մի փոփոխություն չկա»,- ասել է Քիրբին: Նա նշել է, որ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին դեռևս ոչինչ հայտարարել չի կարող:
Անդրադառնալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցին՝ Քիրբին նշել է, որ այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի կոնգրեսականը:
Ավելի վաղ ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակը խիստ պատասխան միջոցներ կձեռնարկի, եթե Փելոսին առանց Պեկինի հավանության այցելի Թայվան։