ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տեղեկացրել է, որ մտադիր է մոտ օրերս Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո առաջին անգամ զրուցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
«Ակնկալում եմ, որ կխոսենք հացահատիկի արտահանման գործարքի իրականացման ընթացքի մասին։ Կիևի վերաբերյալ որևէ քննարկում չի լինելու: Ուկրաինայի ապագայի մասին ցանկացած որոշում պետք է կայացնեն այդ երկրի կառավարությունը և ժողովուրդը»,- վստահեցրել է Բլինքենը։
Նա հայտարարել է, որ Վաշինգտոնը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար պատրաստ է աջակցել ցանկացած դիվանագիտական ջանքերի։
«Ցավոք, Մոսկվան որևէ կերպ ցույց չի տալիս, որ պատրաստ է բովանդակալից և կառուցողական քննարկումների, պատրանքներ չունենք, թե այդ դիրքորոշումը շուտով կփոխվի: Հետևաբար, կշարունակենք անել հնարավորը՝ ամրապնդելու Ուկրաինայի դիրքերը մարտի դաշտում, որպեսզի Կիևն ամուր դիրքեր ունենա բանակցային սեղանի շուրջ»,- նշել է նա։
Պետքարտուղարն անդրադարձել է Կիևի պահանջին՝ ներառել Ռուսաստանին ահաբեկչությունը հովանավորող երկրների ամերիկյան ցանկում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը չի կարծում, թե այդ նախաձեռնությունը գործնական ազդեցություն կարող է ունենալ։
Մոսկվան արձագանքել է Բլինքենի և Լավրովի հնարավոր հեռախոսազրույցի մասին պետքարտուղարի հայտարարությանը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների զրույցի համար Մոսկվան Վաշինգտոնից հարցում չի ստացել։ «Բացի լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից, պաշտոնական հայտեր չեն եղել»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: