Արևագորգը, որի ստեղծման գաղափարը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամինն ու «Մեգերյան կարպետ» ընկերությանն էր, պատրաստ է:
Նախորդ տարի ամռանն էր գաղափարը ծնվել. գորգ, որը կգործեն բոլորը՝ իրենց ներդրումն ունենալով հաշմանդամություն ստացած զինծառայողների ու զոհվածների ընտանիքների բարեկեցիկ կյանքի ապահովման գործում: Հանգույց կարելի էր գցել թե՛ իրականում, թե՛ առցանց՝ վճարելով հազար դրամ կամ 2 դոլար: Մեկ տարի երկու ամսվա ընթացքում Արևագորգը հավաքել է 8 մլն դրամից ավելի գումար:
Այսօր հիմնադրամի տնօրենը, Մեգերյան կարպետի սեփականատերը և հիմնադրամի շահառուները կապեցին վերջին հանգույցներն ու կտրեցին գորգը, որը վերջնական մշակում կանցնի գործարանում և հոկտեմբերին կդրվի աճուրդի: Հանգանակված գումարը կրկին կուղղվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:
5 տարվա գործունեության ընթացքում հիմնադրամը հավաքել է 82 մլրդ դրամ, որից 71-ը պարտադիր վճարների, 11-ը՝ նվիրատվությունների միջոցով, 62 մլրդ դրամ արդեն իսկ հատկացվել է 4800-ից ավելի շահառուների:
Կարինե Սարգսյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն) - Այն գաղափարը, որով ստեղծվել է այս հիմնադրամը, շատ վեհ է, ու մենք պետք է հասկանանք, թե ինչպես գնահատել մեր առօրյա հերոսներին, զոհվածների հիշատակը, ինչպես նաև նրանց, ովքեր կենդանի են այսօր:
Րաֆֆի Մեգերյան («Մեգերյան կարպետ» ընկերության հիմնադիր) - Գորգերը, որ գործում ենք զինվորների հետ, իրենք էլ են հանգույց գցում, ժողովուրդը գալիս, հանգույց է գցում. մենք այնպես ենք անում՝ հանգույցի պես իրար միանան, հիշեն զինվորներին, հիշեն երեխեքին. նույն բանն ա. իմ երեխեն ա զինվորը, ընկերոջս երեխեն ա. մեզ համար տարբերություն չկա, նրանք մեր տղաներն են, մեր զավակներն են. դրա համար այս ծրագիրն անում ենք, որ գոնե մի բանով օգնենք: