526 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԿՕԳՏՎԻ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՄԱՏՉԵԼԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՑ
526 զինծառայող կօգտվի բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու մատչելի, արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրից. գործադիրն ընդունեց նախագիծը: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով՝ վարկավորման անհրաժեշտ տեղեկանք կհատկացվի 2022-ին դիմած բոլոր զինծառայողներին:
Արման Սարգսյան (ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ) - Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022-ի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և ՌՈՒ ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ՌՈՒ ավարտելուց հետո 5 տարում դիմելու դեպքում:
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մանրամասնեց ծրագիրը՝ նշելով՝ պետությունը կսուբսիդավորի մայր գումարի 10 տոկոսի և սահմանված տոկոսադրույքի 3 տոկոսի չափով: 2022 թվականին այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող:
Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ - Առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ վարկավորման տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողին ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Հաշվառված բոլոր 1018 զինծառայողները հնարավորություն կունենան օգտվելու այս կարևոր, սոցիալական երաշխիքները բարելավող ծրագրից:
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Գործադիրը հավանություն տվեց կրթության մինչև 2030-ը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին: Կրթության զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011-ին: Փոխնախարարի խոսքով՝ ժամանակի հրամայական է գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգի դրույթների ամրագրումը երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում: Կրթությանն ուղղված միջոցները ոչ թե ծախս, այլ ներդրում են պետության զարգացման համար՝ հաշվի առնելով, որ տնտեսական զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումների միջոցով՝ նշեց Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ծրագրի կենտրոնում մարդն է:
Արթուր Մարտիրոսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ծրագրի վերջնական նպատակն է ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ, միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:
Սահմանվել է 3 ռազմավարական ուղղություն. համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում: Մարտիրոսյանի խոսքով՝ նախագիծը մի քանի անգամ քննարկվել է, լրամշակվել: Հասանելի, մատչելի հաստատությունների, ծրագրերի ապահովում, պատշաճ կահավորված, արդիականացված դպրոցներ. փոխնախարարը ներկայացրեց առանցքային դրույթները:
Արթուր Մարտիրոսյան - Ոչ մի երեխա մեր երկրում դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից: Ծրագիրը նախատեսում է էականորեն փոխակերպել ՀՀ բարձրագույն կրթության համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ։ Նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման, կրթության-գիտության փոխգործակցության խթանման արմատական միջոցառումներ։
Բարձր առաջադիմություն ունեցող, սակայն սոցիալապես անապահով ուսանողներին կտրամադրվեն պետական կրթաթոշակներ: Կստեղծվի 100% պետական ֆինանսավորմամբ 5-8 ԲՈՒՀ։ 2030-ին առնվազն 4 բուհ ըստ նախագծի՝ պետք է ընդգրկված լինի միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Նախատեսվում է ստեղծել Ակադեմիական քաղաք:
Արթուր Մարտիրոսյան - Ակադեմիական քաղաքը կապահովի ուսումնական հաստատությունների, գիտական ու արտադրական կազմակերպությունների միջև ցանցային, սիներգիական համագործակցության ընդլայնումը՝ ի դեմս ժամանակակից վիրտուալ, սոցիալական, ինչպես նաև ֆիզիկական ենթակառուցվածքների առկայության։
Ազգային Ժողովում ծրագրի հաստատումից հետո Կառավարությունը կհաստատի նաև գործողությունների պլանը։
Համբարձում Մաթևոսյան (ՀՀ փոխվարչապետ) - Մեզ համար շատ կարևոր է, որ ուսման վճարի պատճառով բարձր առաջադիմություն ունեցող որևէ մեկը չզրկվի կրթությունից, կրթական ծառայությունները մատչելի լինեն յուրաքանչյուր քաղաքացու համար: Խնդիրը թիրախավորելու համար ունենք մեկ այլ ծրագիր. խոսքը վերաբերում է 300 դպրոցի, 500 մանկապարտեզի շինաշխատանքներին:
Մյուս կարևոր կետը վերաբերում է ակադեմիական քաղաքին, որը բնույթով պետք է նոր չափանիշ սահմանի:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Առաջին հայացքից մարդը, որը վերցնի, կարդա, կմտածի՝ 8 տարում բավականին բարդ է հասնել նպատակներին, վերջին 4 տարում կրթության ոլորտի քայլերին, կհասկանա, որ շատ հարցերով առաջ ենք գնացել, փաստաթղթում ամփոփել, դարակում շարել ենք աշխատանքը, տեսլականն ենք ներկայացնում՝ ինչ պատկեր ենք ունենալու:
851 ՄԼՆ ԴՐԱՄ՝ 5 ԲԿ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՆԱԽԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ
851 միլիոն դրամ հատկացվեց 5 բժշկական կենտրոնների կառուցմանը, վերակառուցմանը և մեկի կառուցման նախագծման փաթեթի պատրաստմանը: Կհիմնանորոգվեն Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, Վաղարշապատի, Աշտարակի բժշկական կենտրոնները, Արտաշատի պոլիկլինիկական մասնաշենքը: Տաշիրի և Նաիրիի բուժկենտրոնների համար կկառուցվեն նոր շենքեր: Կազմվելու է Արթիկի բուժկենտրոնի նոր մասնաշենքի կառուցման նախագծային փաթեթը: Այսպիսով, կառուցվող կենտրոնների թիվը կհասնի 13-ի:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Մինչև տարեվերջ կունենանք ևս 6 բուժկազմակերպության փաստաթղթերի փաթեթները: Շինարարական այս տեպմը պահպանելու դեպքում առնվազն 50-ի կառուցման, վերազինման խոստումը հաջողությամբ իրականացնելու ենք:
Առաջիկայում կապիտալ ծախսերը կուղղվեն առողջության առաջնային օղակի շենքային պայմանների բարելավմանը: Բնակավայրերում, որտեղ ամբուլատորիաները համայնքային ենթակայությամբ են, կնորոգվեն նաև սուբվենցիոն միջոցներով: