ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 25 ՄԼՆ ՏՈՆՆԱ ՀԱՑԱՀԱՏԻԿ ԱՐՏԱՀԱՆԵԼ. ԱՔԱՐ
Ստամբուլում տեղի է ունեցել Ուկրաինայից սննդամթերքի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը համակարգող կենտրոնի պաշտոնական բացումը: Արարողությանը մասնակցել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Մոսկվայի, Կիևի, Անկարայի և ՄԱԿ-ի ստորագրած փաստաթղթերը կերկարաձգվեն 120 օրով՝ ըստ անհրաժեշտության և կողմերի համաձայնությամբ։ Նրա խոսքով՝ հացահատիկային միջանցքով նախատեսվում է ավելի քան 25 մլն տոննա ուկրաինական հացահատիկ արտահանել։
Աքարը հավելել է, որ Սև ծովում նավերի երթևեկության համար ականազերծման կարիք դեռևս չկա։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը տեղեկացրել էր, որ հացահատիկային միջանցքով կտեղափոխվեն միայն գյուղատնտեսական ապրանքներ, գործընթացը կվերահսկի Ստամբուլում ստեղծված համատեղ համակարգման կենտրոնը։ Հացահատիկով բեռնված առաջին նավն էլ շուտով կլքի ուկրաինական նավահանգիստները։
ՇՎԵԴԻԱՆ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Շվեդիան դեռ որոշում չի կայացրել Անկարայի կողմից ահաբեկչության համար մեղադրվող անձանց Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ՝ մտահոգություն է հայտնել արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Ստոկհոլմը չի կատարում թուրքական կողմի պահանջները, թեև Անկարան չեղարկել է ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության հանդեպ կիրառած վետոն։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի դեռ սկանդինավյան երկու երկրներն ահաբեկչական չեն ճանաչել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և չեն կատարել ահաբեկչության դեմ պայքարում իրենց պարտավորությունները։
ՊԵԿԻՆԸ ԴԵՄ Է ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Պեկինը դեմ է միակողմանի պատժամիջոցներին և խստորեն դատապարտում է Չինաստան ռուսական նավթի մատակարարման հետ կապված սահմանափակումներ կիրառելու ԱՄՆ փորձերը։
Այսպես է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանն արձագանքել լուրերին, որ ամերիկացի մի շարք սենատորներ կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանից Չինաստան վառելիք տեղափոխող լցանավերն ապահովագրողների դեմ։ Քաղաքական գործիչների կարծիքով՝ ռուսական էներգակիրներ գնելով՝ Պեկինն աջակցում է Ուկրաինայում ռազմական գործողություններին։
«Չինաստանն առևտրատնտեսական բնականոն հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, այդ գործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության վրա և ուղղված չէ երրորդ կողմերի դեմ»,- ընդգծել է դիվանագետը։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԴԱՐՁՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ. ՍՄԻԹ
Ուկրաինան առաջիկա 3-6 շաբաթվա ընթացքում պետք է վերադարձնի կորցրած տարածքները՝ հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ղեկավար Ադամ Սմիթը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ ուկրաինացի պաշտոնյաները ցանկանում են խաղաղության համաձայնագիր կնքել ռուսական կողմի հետ, սակայն դա անհնար է առանց տարածքային ամբողջականության։ Ադամ Սմիթը վստահեցրել է, որ նրան այս մասին ասել են Ուկրաինայի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Ձմեռը մոտ է, եղանակային վատ պայմանները կդանդաղեցնեն մարտերի ընթացքը, դաժան պատերազմ կլինի»,- մտահոգություն է հայտնել պաշտոնյան: