Ընթացքի մեջ են Կապսի դպրոցի շինարարական աշխատանքները։ Դրանք իրականացվում են «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակներում: Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ հետևել է աշխատանքների ընթացքին՝ շինարարի հետ զրույցում կարևորելով որակյալ, բոլոր չափանիշներին համապատասխան ու առանց թերացումների շինարարության իրականացումը։
«Կառավարությունն առաջնահերթությունների մեջ է ներառել կրթության բնագավառի զարգացումը, այն ռազմավարական ուղղություններից է, և այդ ոլորտում պետական ներդրումները շարունակական են, այդ ներդրումների շրջանակում մարզում դպրոցաշինական լուրջ աշխատանքներ են ընթանում։ Ինձ համար չափազանց կարևոր են դպրոցաշինական աշխատանքներում յուրաքանչյուր չափորոշիչի պահպանումն ու որակյալ աշխատանքների իրականացումը»,- նշել է մարզպետը։
Պատասխանատուները նշել են, որ մինչև տարեվերջ կառույցը կտանիքապատվի, այժմ ընթանում են հատակների բետոնացման, պատերի կառուցման աշխատանքները։ Մոդուլային ուսումնական հաստատությունը կունենա բոլոր հարմարությունները՝ փակ մարզադադահլիճ, ֆուտբոլային խաղադաշտ, փոքր ջերմոց և արևային ֆոտովոլտային կայան, ապահովված կլինի ապաստարանով:
Մարզպետը հետաքրքրվել է շինարարության մեջ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ և հարմարեցված միջավայր ստեղծելու հարցերով, ինչպես նաև կարևորել դեպի դպրոց տանող ճանապարհի բարեկարգումը։
Նշենք, որ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է 2023-ին: Շինարարությունն իրականացնում է «Ինտերեվրոս Արգոս» ՍՊԸ-ն։ 2022 թվականի ՀՀ պետական բյուջեով հատկացվելու է 343.230 մլն դրամ: Մինչ այժմ շուրջ 102 մլն դրամի շինարարական աշխատանք է կատարվել: