Մայքլ Ջեքսոնի կարմիր կոշիկներից Բի Բի Քինգի սև կիթառ՝ մայրաքաղաքի սրտում բացված Hard Rock cafe Yerevan-ում են: Պուշկինի 3/1 հասցեում գտնվող յուրահատուկ ճարտարապետական ոճ ու պատմություն ունեցող շենքում այսուհետև կգործի Hard Rock cafe Yerevan-ը: Պաշտոնական բացումը կտրվի առաջիկա ամիսներին:
Բելլա Մանուկյան (ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր + պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն) - ԱՆԻՖ-ի ներքո գործող «Ձեռնարկատեր + պետություն» ֆոնդը մասնակցություն ա ունեցել Hard Rock cafe-ի Հայաստանում բացմանը՝ որպես ներդրումային ծրագրում մասնակից, և ներդրվել է մոտավորապես 500 հազար ԱՄՆ դոլար:
ԱՆԻՖ-ը համաֆինանսավորում է ծրագիրը՝ 48% մասնակցության չափով:
ԱՆԻՖԻ «Ձեռնարկատեր + պետություն» ֆոնդի մանդատը ենթադրում է մասնակցություն կոմերցիոն տեսանկյունից կենսունակ բիզնես ծրագրերում, և սա հենց շատ լավ օրինակ է նման ներդրման: Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր ներդրման արդյունքում իրականացվեն այնպիսի ծրագրեր, որոնց արդյունքում կստեղծվի հավելյալ տնտեսական էֆեկտ: Եվ այս ծրագրի ներդրման արդյունքում մենք ստեղծելու ենք մոտավորապես 100 մշտական աշխատատեղեր և, ինչ որ ամենակարևորն է՝ նոր որակ և նոր մշակույթ ենք հաղորդելու Հայաստանում հյուրընկալության ոլորտին:
ԱՆԻՖ-ը «Դոմ Արենա» ընկերության հետ համատեղ է հիմնադրում Hard Rock cafe Yerevan-ը:
Արսեն Հովհաննիսյան («Դոմ Արենա» ընկերության տնօրեն) - Մոտ երկու տարի է՝ աշխատում ենք ծրագրի վրա, ոչ պետական ներդրումը իրականացվել է մեր կողմից: 2 միլիոնից ավելի ներդրում է իրականացվել:
Ծրագրի իրականացումը նոր խթան կհանդիսանա սպասարկման ոլորտի զարգացմանը՝ նոր չափանիշներ սահմանելով երաժշտական ժամանցի, բիզնեսի և սպասարկման որակի կառավարման ոլորտներում։
Hard Rock Cafe-ն Հայաստանում իսկապես, երևի թե կարելի է ասել՝ տպավորությունների գեներատոր է լինելու մեր հյուրերի համար, որովհետև սա միայն ռեստորան կամ կաֆե չէ, միահյուսված են մի քանի կոնցեպտուալ կոմպոնենտներ՝ սկսած հայտնի երաժշտական կուռքերից և նրանց պատկանող իրական իրերից, որը ինչ-որ տեղ թանգարանային երևույթ է, շարունակելով շատ լավ երաժշտությամբ:
Ռոք կատարումներից ջազ ու կլասիկ երաժշտություն՝ Hard Rock Cafe-ն հնարավորություն կտա այցելուներին ունկնդրել որակյալ ու տարբերվող երաժշտություն: Շենքի ընտրությունը պատահական չէ՝ նշում է Արսեն Հովհաննիսյանը՝ հավելում՝ այն իր կառուցվածքով հնարավորություն կտա լավագույն ձայն ապահովել:
Հայաստանում են նաև մասնագետներ, որոնք սրճարանում աշխատելու համար տեղում կվերապատրաստեն հայ մասնագետներին:
Առաջին Hard Rock Cafe-ն բացվել է Լոնդոնի կենտրոնում 1971 թվականին: Այսօր ցանցը գործում է ավելի քան 68 երկրում, արդեն նաև՝ Հայաստանում:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան