Հրազդանի նոր՝ սանիտարական աղբավայրի շահագործումը հետաձգվել է մինչև նոյեմբեր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Կոտայքի և Գեղարքունիքի մարզպետների հետ նախ Ակունքում, այնուհետև Հրազդանում հետևել է շինարարությանը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Մեր ներկայությամբ էս քանակի տեխնիկան արդեն խնդիր ա, որովհետև ես մտավախություն ունեմ, որ եթե մենք էստեղ չենք, էսքանն էլ չի աշխատում: Այսինքն՝ եթե մայիսին հետ ենք ընկել, եթե մենք հուլիսի 15 ժամկետ ունեին, էստեղ պետք ա տեխնիկաներն իրար խանգարեին:
Աղբահանության սխեմաների կազմման, տեխնիկայի քանակի, սակագների և այլ հարցերով զբաղվում են շվեդական «ՍՎԵԿՈ» և հայկական «Տրանսնախագիծ» ընկերությունները: Մասնագետները նախարար Սանոսյանին ուշացման պատճառները ներկայացրին, խոստացան՝ աշնանը շինարարությունն ավարտին հասցնել:
Հենրիկ Թորեմարկ («ՍՎԵԿՈ» ընկերության ներկայացուցիչ) - Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, ծրագիրը քննարկել միջազգային խորհրդատուների, շահագրգիռ կողմերի հետ: Նաև առաջարկել ենք, որ 1100 լիտրանոց միանման աղբամաններ լինեն, դրանք տեղադրել յուրքանաչյուր 150 մետրին: Մեր մեքենաները շինարարական աղբ չեն տեղափոխիի, բայց տեղ հասցված շինաղբը մենք կընդունենք և կօգտագործենք ընդհանուր աղբը ծածկելու համար:
Միասնական աղբավայրի պիլոտային ծրագիրն իրականացվում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Արդյունքում՝ փակվելու է երկու մարզի 55 աղբավայր: Ըստ նախարարի՝ եթե ծրագիրը հաջողի, ապա հանրապետության մյուս մարզերում նույնպես կկիրառեն այդ փորձը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Մեզ մնում է երկու գործընթաց՝ մեկը բուն աղբավայրի շինարարական աշխատանքները ավարտել, որոնք մի քիչ ուշացան, բայց նոյեմբերին կավարտվեն, մյուսը՝ արդեն կազմվել են երկու մարզի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները + կապված ընդհանուր գնային փոփոխությունների հետ ծրագրի ֆինանսական արժեքները որոշակի փոխվել են, գումարը ավելացնելու կարիք կա:
Ծրագրի ընդհանուր արժեքը 11 միլիոն եվրո է, որի կեսը հատկացվել է վարկային, մյուս կեսը՝ դրամաշնորհի միջոցներով: Գնել Սանոսյանը նշեց, որ նախնական հաշվարկով ևս 3 միլիոն դոլար ավելացնելու կարիք կլինի, որը կծախսեն բարձրակարգ մեքենաներ ձեռք բերելու համար: Նորաստեղծ ընկերության տնօրենը վստահ է՝ ստեղծելով առաջին սանիտարական աղբավայրը՝ լուծելու են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության խնդիրն ու ֆինանսական տեսանկյունից թեթևացնելու են համայնքի բեռը:
Սերգեյ Համբարձումյան («Կոտայք և Գեղարքունիք ԿԿԹԿ» ընկերության տնօրեն) - «Նախատեսվում է ձեռք բերել մոտ 19 22 խմ-ոց մեքենաներ ծավալով և ևս 9 11 խմ-ոց, որոնք, ըստ հաշվարկների, բավարար են երկու մարզում բոլոր համայնքներում՝ և՛ քաղաքային, և՛ գյուղական, իրականացնելու աղբահանությունը պատշաճ կերպով:
Աղբը չկուտակվելու ու ժամանակին Հրազդանի աղբավայր հասցնելու համար Ակունքում կառուցվում է փոխաբեռնման կայան. այն նախատեսված է Աբովյանի և հարակից բնակավայրերի համար, այսպիսի կայան է կառուցվում նաև Մարտունի խոշորացված բնակավայրում:
Գևորգ Մարտիրոսյան («Տրանսնախագիծ» ընկերության փոխտնօրեն, ծրագրի տեխնիկական հսկողության մասնագետ) - Այս բետոնե հարթակների վրա տեղադրվելու են կոնտեյներներ, որոնք եկած աղբը դատարկելու են կոնտեյներների մեջ: Երկու մեծ կոնտեյներներ հավաքվելուց հետո տեղափոխվելու է մեր Հրազդանի աղբավայր, որտեղ ուտիլիզացվելու է:
Հրազդանի նոր աղբավայրը ընդգրկում է 25 հա տարածք և կարող է 25 տարի ծառայել որպես աղբավայր: