Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է լյարդի մեծ ծավալով մասնահատում բաց եղանակով: Հեռացվել է 58-ամյա պացիենտի լյարդի մոտ 35 տոկոսը՝ երեք սեգմենտ հարակից հյուսվածքներով: Բժշկի խոսքով` կար լյարդի եզակի մեծ՝ մոտ 12 սանտիմետրանոց մետաստատիկ օջախ:
Հմայակ Եփրեմյան (ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ՈՒԱԿ որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի վարիչ) - Կենտրոնում առաջին անգամ կատարվել է լյարդի աջ բլթի ծավալուն մասնահատում՝ հեռացնելով 5-րդ, 6-րդ և 7-րդ մասնակի սեգմենտները: Մասնահատումը հիմնականում կիրառվում է, երբ ախտահարված է լյարդի մեկ բիլթը կամ երկու բիլթը միասին, և հնարավոր է լինում հեռացնել, մասնահատումից հետո պահպանել լյարդի որոշակի հյուսվածք:
Բժշկի խոսքով՝ նախկինում շեշտն ավելի շատ դրվում էր քիմիաթերապևտիկ բուժման վրա, բայց նման դեպքերում ավելի արդյունավետ է վիրաբուժական մոտեցումը, որից հետո միայն հիվանդը ստանում է քիմիաթերապիա: Հիմա ունեն վիրահատման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու սարքավորումները:
Ավետիք Պետրոսյան - Նաև շատ կարևոր է հագեցված լյարդավիրաբուժական բաժանմունքի առկայությունը: Միայն այս պայմանների առկայության դեպքում հնարավոր է պատշաճ կերպով, ամբողջովին մատուցել լյարդային վիրաբուժության ծառայություն:
Բժիշկների հորդորն է՝ ժամանակին ախտորոշվել ու հիվանդությունը կանխարգելել վաղ փուլում:
Հմայակ Եփրեմյան - Հիվանդացության մակարդակը, ինչպես ուռուցքային մյուս ախտահարումների, բարձրանում է, ավելի շատ հանդիպում են լյարդի մետաստատիկ ախտահարումներ, այլ օրգաններից ուռուցքների տարածում դեպի լյարդ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անհրաժեշտության դեպքում լյարդի մասնահատումներ կկատարվեն բաց կամ լապարասկոպիկ եղանակով: